Արմեն Ամիրյան․ «Լավ ներկայացումներ լինում են, բայց մարդիկ չգիտեն դրանց մասին»

Արմեն Ամիրյանն անդրադարձել է թատրոնի խնդիրներին:
armen-amiryan

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ՀՀ մշակույթի նախարարությունում մայիսի 15-ին կայացած ժողովին նշել է, որ այն մարդիկ, ովքեր ներկա չեն գտնվել Գյումրու թատրոնում բեմադրված «Շողոքորթը» ներկայացման պրեմիերային, շատ բան են կորցրել: Նա  անդրադարձել է նաև թատրոնի խնդիրներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել այցերը մարզային թատրոններ, բայց՝ ավելի լավ ավտոբուսով:

«Թեև արկածային էր մեր ուղևորությունը Գյումրի, բայց մեկ արկածը, կարծում եմ, բավարար էր»,-կատակեց նախարարը՝ հիշելով շաբաթ օրը Գյումրի տեղափոխող ավտոբուսի տեխնիկական խափանումը, ինչի պատճառով իրենք Վարդան Աճեմյանի անվան թատրոնում «Շողոքորթը» ներկայացման պրեմիերային «մի կերպ» հասան:

Նախարարի խոսքով`պետք է հետամուտ լինել թատերական ոլորտում նախանշված բոլոր ծրագրերի իրականացմանը:

«Թատրոնները տարվա կտրվածքով շատ հստակ պետք է ներկայացնեն, թե որ օրը ինչ նոր բեմադրություն են ներկայացնելու: Ժամանակացույցը թող իրենք սահմանեն, բայց հստակ հետևելու ենք իրենց իսկ նշած ժամկետների պահպանմանը: Պետք է ներկայացնեն, թե յուրաքանչյուր պրեմիերայից առաջ իրազեկման ինչ քայլեր են նախատեսված. մամուլի ասուլիս, հարցազրույցներ և այլն: Ամեն ինչ պետք է ընթանա ըստ ծրագրի և ժամանակացույցի»,-ասաց նախարարը՝ օրինակ բերելով Գյումրու թատրոնի արդյունավետ փորձը:

Նա հավելեց, որ մյուս թատրոններում էլ, գուցե, լավ ներկայացումներ լինում են, բայց մարդիկ չգիտեն դրանց մասին, չեն գալիս թատրոն, որովհետև PR չկա:

Նախարարի խոսքով, նոր ներկայացումների համար թատրոնները հատկացումներ են ուզում պետբյուջեից. իսկ ինչու՞ նրանց աշխատած եկամուտը չի ուղղվում նոր ներկայացումների բեմադրությանը։

«Պետությունն աշխատավարձ է տալիս, հոսանքի գումար է վճարում, ամեն ինչ հոգում է, այդ ամենին զուգահեռ նաև ներկայացման գումարն է տալիս, ներկայացումը բեմադրում, դնում են անկյունում, ոչ ոք չի իմանում դրա մասին, կորչում, գնում է: Չի՛ լինելու այդպես…»,-եզրափակեց նախարարը:

*

*