Նոր նախաձեռնությամբ` 100 տարվա պատմություն ունեցող շինությունները պետք է պատմամշակութային արժեք և հուշարձան որակվեն

Մշակույթի նախարարն ընդգծեց, որ այս նախաձեռնությունը պետք է ամրագրել օրենքով:
armen-amiryan

Մշակույթի նախարարությունը որոշել է հուշարձանների ցանկում գրանցված արժեքների  գնահատման չափանիշների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մշակութային ոլորտում առկա տարբեր խնդիրների շուրջ նոյեմբերի 7-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հաշվի առնելով այն երևույթը, որ վերջին շրջանում բազմաթիվ հին շենքեր են քանդվում, անդրադարձավ հուշարձանների ցանկում գրանցված արժեքների գնահատման չափանիշներին:

«Այսօր քննարկել ենք այդ խնդրի լուծման բոլոր հնարավոր տարբերակները և որոշել օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ»,- հաղորդմամբ` նշեց նախարարը:

Ըստ նրա` նոր նախաձեռնությամբ հարյուր տարվա պատմություն ունեցող շինությունները պետք է  պատմամշակութային արժեք և հուշարձան որակվեն:

«Սեփականատերն իրավունք չի ունենա քանդել կամ հիմնովին փոխել դրանք: Նա պարտավոր կլինի պահպանել այդ շինությունները»,-հավելեց նախարարը:

Նախարարն ընդգծեց, որ այս նախաձեռնությունը պետք է ամրագրել օրենքով, սակայն, թե երբ այն իրականություն կդառնա, Արմեն Ամիրյանը դժվարացավ պատասխանել:

*

*