Արմեն Ամիրյանը ամփոփեց 2016ը ու խոստացավ՝ 2017-ը մշակութային տարի է լինելու

Մշակույթի նախարարության բոլոր ՊՈԱԿ-ներում աուդիտ է սպասվում:
armen-amiryan
Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ներկայացավ 10-ամյա Մերի Մուսինյանի հետ, ով հայ հասարակությանը հայտնի դարձավ ռուսական առաջին ալիքի «Լավագույնը» հաղորդմանը մասնակցելուց հետո: Նախարարն ավելի շատ խոսեց 2017թ-ի անելիքների մասին: Տարեսկզբին հաղորդաշար է մեկնարկելու, որի շրջանակում բաց քվեարկությամբ հրատարակիչներն ու մտավորականներն ընտրելու են պետության աջակցությամբ հրատարակվելիք գրքերը:
 
«Սա նշանակում է, որ այժմ ընտրությունը պետք է կատարվի բաց, հանրության աչքի առաջ, եւ առավելությունն այն է, որ գրքերը՝ դեռ չհրատարակված հայտնվում են հեսռուստադիտողի եւ ընթերցողի ուշադրության կենտրոնում, եւ դեռ չհրատարակված դառնում են սպասված եւ ցանկալի»,- նշեց նախարարը:
 
Մշակույթի նախարարության բոլոր ՊՈԱԿ-ներում աուդիտ է սպասվում: Մեկն արդեն անցկացվել է. ֆինանսական չարաշահումներ են հայտնաբերվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում, արդյունքում աշխատանքից ազատվելու է ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը: Նաեւ կինոկենտրոնն է լուծարվելու եւ դրա հիման վրա նոր կառույց է ստեղծվելու՝ տնօրենների խորհրդով: Այստեղ եւս աուդիտ ընթանում է, բայց լուծարման պատճառը չարաշահումները չեն, ամեն դեպքում դեռ նման փաստեր չեն արձանագրվել:
 
2017թ. պետական միջոցների հաշվին յոթ հուշարձան է ամբողջապես վերականգնվելու: Մշակութային 400 միջոցառումներ էլ նախատեսված են հանրապետության բոլոր մարզերում եւ Արցախում: Նախարարը խոսեց նաեւ իր պաշտանովարման ընթացքում գրանցված հաջողությունների մասին:
 
Նախարարությունում սպասվող կրճատումները եւս տարակուսանքների տեղիք են տալիս, Արմեն Ամիրյանը հաստատեց՝ օպտիմալացում լինելու է:
 
«Մոտ 20 տոկոս կրճատում է սպասվում, ցավով եմ ասում, որովհետեւ մարդկային ճակատագրերի հետ գործ ունենք, բայց եթե վիրահատություններ չլինեն, առողջացում չի լինի»,- հավելեց Արմեն Ամիրյանը:
 
Փոքրիկ երաժիշտը նախարարին ուշի ուշով լսելուց հետո հանդիպումը եզրափակեց իր վիրտուոզ կատարմամբ:
 
Կատարման ավարտին Արմեն Ամիրյանը խոստացավ՝ 2017թ-ը մշակութային տարի է լինելու, իսկ իրենց վարած քաղաքականությունը՝ Մերիի նվագի պես զուլալ ու պարզ:

*

*