Արմեն Ամիրյանը կնախաձեռնի «Խավարում» ցուցահանդեսի վերաբացումը

«Թեմայի հետ կապված մենք որևէ առարկություն չունենք...»
armen-amiryan

Ցանկացած ցուցադրություն թանգարանը պետք է համապատասխանեցնի մշակույթի նախարարության հետ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ անդրադառնալով Թումանյանի տուն-թանգարանի նախաձեռնած բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» ցուցահանդեսի փակմանը:

«Թեմայի հետ կապված մենք որևէ առարկություն չունենք, առավել ևս, տարվա ընթացքում այս թեման մենք արծարծել ենք տարբեր առիթներով», —  ասաց Ամիրյանը՝ ավելացնելով, որ ցուցահանդեսի փակման պատճառն աշխատանքային ներքին կանոնակարգն է եղել:

«Ցանկացած ցուցադրություն թանգարանը պիտի համապատասխանեցնի նախարարության հետ, նախարարության ներկայացրած տարեկան սուբսիդիայի պայմաններում որևէ տեղ նշված չկա այս ցուցադրության մասին», — նշեց մշակույթի նախարարը:

Դիտարկմանը, թե 22 օր եղել է ցուցադրությունը, ապա նոր է փակվել, Արմեն Ամիրյանն արձագանքեց.

«Այո, մենք տեղյակ չենք եղել այդ ցուցադրության մասին, ես տեղեկացվել եմ կիսամյակային հաշվետվության ժամանակ՝ բացումից 1 շաբաթ հետո մոտավորապես: Խոսքը աշխատանքային փոխհարաբերություններին է վերաբերում: Մենք առաջարկել ենք վերատեսության ենթարկել, նախարարության համապատասխան վարչության հետ համաձայնեցնել, ձևակերպումներ անելուց հետո ցուցադրությունը նորից կարող է վերականգնվել, բովանդակության հետ կապված ոչ մի առարկություն չունենք»:

Ինչ վերաբերում է թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հայտարարություններին, թե իրեն սպառնացել են, որպեսզի ցուցադրությունը փակի, նախարարն ընդգծեց՝ որևէ մեկն իրավունք չունի թանգարանի տնօրենին սպառնալ:

«Եթե եղել են սպառնալիքներ, ապա սպառնացողը պատասխան կտա», — վստահեցրեց Արմեն Ամիրյանը՝ ավելացնելով, որ կնախաձեռնի, որպեսզի ցուցադրությունը վերաբացվի:

Հիշեցնենք, սակայն, որ Նարինե Թուխիկյանը yerkirmedia.am-ին հայտնել էր, որ «մենք ամեն տարվա վերջին հաջորդ տարվա ծրագիրը ներկայացնում ենք Մշակույթի նախարարություն՝ սուբսիդավորման համար: 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ին ներկայացրել ենք 2017թ.-ի ծրագիրը, որտեղ ներառված է եղել նաև «Թումանյանի զավակների ճակատագիրը» խորագրով բացօթյա ցուցահանդեսը, որի անվանումը հետագայում փոխվել-դարձել է «Խավարում»»:

*

*