BBC-ն անդրադարձել է Անիին. «Կայսրություն, որն աշխարհը մոռացել է»

Հոդվածի հեղինակ Ժոզեֆ Ֆլահերթին նկարագրում է Անիում կիսականգուն մնացած հայկական եկեղեցիները...

Ժամանակին բազմահազար բնակչություն ունեցող, Բագրատունիների արքայատոհմի իշխանության ներքո մշակութային և տարածաշրջանային հզոր կենտրոն դարձած Անին այսօր վերածվել է ուրվականների լքված քաղաքի:

Երբ քայլում ես ավերակների կողքով, միակ ձայնը, որ կարող ես լսել, Հայաստանի ու Թուրքիայի սահմանը դարձած ձորից եկող քամին է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է BBC-ն «Կայսրություն, որն աշխարհը մոռացել է» խորագիրը կրող հոդվածում:

«Իր ծաղկունքի շրջանում՝ 11-րդ դարում, գիտնականները ենթադրում են, որ Անին ունեցել է 100 հազար բնակչություն, որն ավելին է, քան այն ժամանակվա Փարիզի և Լոնդոնի բնակչությունը միասին վերցրած: Հայտնի, որպես «1000 ու մեկ եկեղեցիների քաղաք»՝ Անիի հայ ղեկավարներն ու առևտրականները հիմնել են զգալի թվով պաշտամունքի վայրեր, որոնք բոլորն էլ ձևավորված են այդ ժամանակաշրջանի մեծագույն ճարտարապետական և գեղարվեստական ոճով»,- գրում է բրիտանական լրատվամիջոցը:

Հոդվածի հեղինակ Ժոզեֆ Ֆլահերթին նկարագրում է Անիում կիսականգուն մնացած հայկական եկեղեցիները՝ Անիի Մայր տաճարը, Սուրբ Փրկիչն, Աբուղամրենց Սուրբ Գրիգորը, Տիգրան Հոնենցն, անդրադառնում Անիի ստորգետնյա կառույցներին ու պարիսպներին:

Նա փաստում է, որ թեպետ Անին շատ հաճախ վերածվել է պատերազմական թատերաբեմի, սակայն դրա ավերակներն այսօր ներկայացնում են պատմության տարբեր ժամանակաշրջաններ, երբ քաղաքը տեսել է մշակույթների, կրոնների ու գեղարվեստական մոտիվների տարբեր շրջափուլեր:

*

*