Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող Պ. Ադամյանի անվան դրամատիկական թատրոնի շենքը երկար ընդմիջումից հետո իր դռները կբացի թատերասերների առջև՝ ժամանակակից դահլիճով, նոր ճեմասրահով և լուսային տեխնիկայով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը:
«Շենքն ամբողջությամբ կքանդվի և կվերակառուցվի 1936 թվականի նախագծով: Եթե շենքի վերանորոգումը տևելու էր երկու տարի ինը ամիս, վերակառուցման դեպքում մեկ տարի կխնայվի: Այն քանդելը կտևի երեք ամիս, և մինչ այս տարվա դեկտեմբերի 28-ը պատրաստ կլինի շենքի կմախքը: Իսկ ներքին աշխատանքները կավարտվեն մեկ տարի և մի քանի ամիս անց: Մեր թատրոնի շենքը կդառնա Վրաստանի թատերական լավագույն շենքերից մեկը»,- նշել է Արմեն Բայանդուրյանը:
Ըստ նրա՝ թատրոնի վերակառուցումից հետո նախատեսվում է այնտեղ թանգարան բացել, քանի որ թատրոնն ունի 162 տարվա պատմության ընթացքում կուտակած մեծ արխիվ, որը կարելի է ցուցադրել թատերասերներին: