Ստեփանակերտի «Թումո» կենտրոնի սաները ռազմական նշանակության ռոբոտներ ստեղծելու գաղափարներ են առաջարկում

«Երկիրն այսօր»-ի նկարահանող խումբը նախօրերին այցելել է Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ ավելի քան 1000 երեխա է սովորում:

Մեր օրերում շատ է խոսվում Արցախի սահմաները նորագուjն տեխնոլոգիանների միջոցով պաշտպանելու մասին: Մեր գործընկերները նախօրերին այցելել են Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ ավելի քան 1000 երեխա է սովորում: Երեխաներն այստեղ գիտելիքներ են պաշարում, որպեսզի կարողանան այնպիսի ռոբոտներ ստեղծել, որոնց օգնությամբ կկարողանան պայքարել հակառակորդի դեմ:

Շաբաթը երկու անգամ Արարատը մոտավորապես երեք ժամ ճանապարհ է անցնում Ստեփանակերտի «Թումո» կենտրոնում երկու ժամ պարապելու համար: Ասում է՝ Հաթերքից Ստեփանակերտ տանող երկար ու տեղ-տեղ անհարթ ճանապարհը մոտեցնում է իր երազանքներին: Նա երազում է ծրագրավորող դառնալ:

Կենտրոնի տնօրեն Կորյուն Խաչատուրյանը Փարիզ-Երեւան մոտավորապես վեց ժամ ձգվող օդային ճանապարհն ամեն օր չի կարող անցնել: Ֆրանսիայում ծնված, այնտեղ կրթություն ստացած երիտասարդ տնտեսագետը կենտրոնը ղեկավարելու առաջարկը միանգամից է ընդունել, հեռավորության հարցն էլ՝առանց երկար-բարակ մտածելու լուծել. իրերը հավաքել, օդանավ է նստել ու մշտապես տեղափոխվել է Ստեփանակերտ: Ասում է՝ այս երեխաների ոգեւորությունը տեսնելով՝ ավելի ու ավելի է համոզվում Ֆրանսիան թողնելու, այստեղ տեղափոխվելու որոշումն արդարացված է:

Արցախցի այս երեխաների համար ստեղծարար-տեխնոլոգիաների նորարությունները բացահայտում են ոլորտի լավագույն մասնագետները, կենտրոնում ամեն ինչ կանոնակարգված է. օրինակ՝ այս սրահում երեխաները գիտելիք են պաշարում:

Հետաքրքրությամբ են աշխատում նաեւ ռոբոտաշինության բաժնում սովորողները: Հայկն ասում է՝ արդեն մեկ ամիս է փնտրում են, գրում, այնպիսի ռոբոտներ ստեղծելու գաղափարներ առաջարկում, որոնք ռազմական նշանակություն կունենան: Անգամ գործնական քայլերի են անցել:

Ժամանակակից տեխնոլոգիաներով հարուստ, ընդամենը մեկ տարի գործող Ստեփանակերտի «Թումո» կենտրոնն իր առջեւ դրած ամենամեծ խնդիրն արդեն լուծել է: Կարողացել է շուրջը հավաքել նորարություն փնտրող այս փոքրիկներին, որոնցից շատերն այստեղից հեռանալու են` Արցախի զարգացման նոր հեռանկարները կյանքի կոչելու պաշարներով:

*

*