Արմենակ Զոհրաբյան. «Տեսա հրամանատարս վիրավորվեց, դուրս եկա, նրան բերեմ փակ տեղ, վիրավորվեցի»

«Արմենակ Ուրֆանյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը, Քյարամ Սլոյանը իսկապես հերոսներ են: Ուզում եմ, որ նրանց արած գործը երբևէ չմոռացվի»։
armenak-ghazaryan

Արմենակ Ղազարյանը հերոս զինվորներից է: Նա հակառակորդի կողմից հրետակոծության ընթացքում առաջ է նետվել՝ փորձելով փրկել իր դասակի հրամանատար Տիգրան Պողոսյանի կյանքը:

Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում գտնվող Արմենակը Yerkir.am-ի հետ զրույցում մինչև պատմելը՝ ինչպես է վիրավորվել, նշեց, որ ցանկանում է ևս մեկ անգամ բոլորին ասել՝ մեր զինվորների մոտ մարտական ոգու պակաս չկա: Նա առանձնակի հպարտությամբ ու սիրով հիշեց իր գումարտակի չորս զինծառայողների հերոսությունը և ասաց՝ ուզում է, որ նրանց սխրանքը միշտ հիշվի:

«Արմենակ Ուրֆանյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը, Քյարամ Սլոյանը իսկապես հերոսներ են: Ուզում եմ, որ նրանց արած գործը երբևէ չմոռացվի»,- ասաց Արմենակը` հավելելով, որ նրանք կանխեցին ավելի վատը, որ կարող էր լինել:

Արմենակ Զոհրաբյանը բեկորային վիրավորում է ստացել ապրիլի 25-ի գիշերը՝ Մարտակերտի շրջանում՝ առաջնագծում:

«Գիշերը` մոտավորապես մեկի սահմաններում, ականանետի հարվածից դասակիս հրամանատարը վիրավորվեց: Ես էդ ժամանակ փակ տեղում էի, բայց որ տեսա հրամանատարս վիրավորվեց, դուրս եկա, որ նրան բերեմ փակ տեղ: Հենց էդ ընթացքում ես էլ վիրավորվեցի,- պատմեց զինծառայողը՝ հավելելով,- Մենք ամեն ինչ արեցինք, որ դասակիս հրամանատարին՝ Տիգրան Պողոսյանին, փրկենք, բայց, ցավոք, չկարողացանք, ամբողջ մարմինը բեկորային վնասվածքներով էր պատված: Անընդհատ խփում էին ականանետով, մի պահ հանգստացավ դրությունը, ու էլի մարդիկ եկան` օգնելու, որ հրամանատարիս հասցնենք շտապօգնության մեքենային: Հենց էդ ժամանակ նոր զգացի, որ ես էլ եմ վիրավոր»:

Արմենակը Հրազդան քաղաքից է, բայց փոքր հասակից ապրել է Երևանում:

«Փոքր ժամանակից ապրել եմ Երևանում, ունեմ հայր, մայր, ինձանից մեծ եղբայր, որը ծառայել է ու մեկ էլ ունեմ փոքր քույր, օգոստոսին կդառնա 7 տարեկան»,- ասաց նա:

Մեր զրույցի վերջում Արմենակն ասաց, որ խոսք ունի` փոխանցելու ողջ հայ ժողովրդին:

«Հայ ժողովրդին կասեմ, որ մեր զինվորների վրա վստահ լինեն, որովհետև զինվորները հիմա նենց դուխ ունեն, որ պետք լինի մինչև Բաքու էլ կհասնենք, պետք լինի հայկական դրոշը Բաքվում կխփենք»,- ասաց զինվորը:

Մեկ Մեկնաբանություն
  • Mariam
    9 мая 2016 at 20:19

    Mernem janit axpers hpartutyuns sirum em qez shat shat veradarcit enq spasum bolorov miasin. Bayc mek mech berum im expor [email protected] Zohrabyana.

  • *

    *