«Ցանկացած զարգացում, որը խոչընդոտելու է բանակցային գործընթացին, անընդունելի է լինելու»․ ԱԳ նախարար

Նա շեշտել է, որ բանակցությունները չեն կարող ընթանալ գոյություն ունեցող թշնամական մթնոլորտում։
zohrab-mnacakanyan

Ցանկացած զարգացում, որը խոչընդոտելու է բանակցային գործընթացին, անընդունելի է լինելու: Այս մասին մայիսի 30-ին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի եթերում Արտակ Ալեքսանյանի «Բանաձև» հաղորդաշարին տված հարցազրույցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանի Նախիջևանի հատվածում հենակետեր կառուցելու խոսակցություններին՝ ԱԳ նախարարը նշել է. «Նման հարցերը ուշադրության կենտրոնում են թե′ պաշտպանության նախարարության, թե′ մեր կողմից: Ցանկացած զարգացում, որը խոչընդոտելու է բանակցային գործընթացին, անընդունելի է լինելու: Դա բացասաբար է ազդելու բանակցությունների վրա, հետևաբար ցանկացած նման զարգացումից պետք է խուսափել»:

Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ բանակցությունները չեն կարող ընթանալ գոյություն ունեցող թշնամական մթնոլորտում, որի համար հիմք են Ադրբեջանի ղեկավարության պարբերաբար հնչեցվող հայտարարությունները։

ԱԳ նախարարը հորդորել է չշտապել, երբ հաղորդավարը հարց է հնչեցրել երկրների ղեկավարների հնարավոր հանդիպում կազմակերպելու մասին՝ նշելով, որ ինքն այս ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել տարբեր պաշտոնյաների հետ, ովքեր անմիջական դերակատարություն ունեն այդ գործընթացում: «Սա շարունակվելու է: Մենք հաշվարկված քայլերով շարունակում ենք այս գործընթացը: Անմիջական շփումներ կլինեն, երբ կհասնենք այդ պահին: Ես չեմ խոսում ամիսների մասին, խոսում եմ շաբաթների մասին»,-հավելել է նախարար Մնացականյանը:

*

*