Զոհրաբ Մնացականյանը Արցախի՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու հարցը պրակտիկ խնդիր է համարում

«Մենք միշտ խոսել ենք այն մասին, որ անհրաժեշտ է խաղաղությանը նպաստող միջավայր...»
zohrab-mnatsakanyan

Հայաստանի համար Արցախի ստատուսի և անվտանգության հարցերը մնում են ամենագերակա խնդիրները: Հունվարի 28-ին «Եռաբլուր» պանթեոնում այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և հավելեց, որ սրա շուրջ են եղել ու մնալու իր և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի բանակցությունները:

«Մենք ունենք մեր գերակայությունները ու չկա և չի եղել որևէ բան, որ դուք չիմանաք»,- նշեց Մնացականյանը:

Անդրադառնալով Արցախի Հանրապետության՝ կրկին բանակցությունների կողմ դառնալու հարցին, Մնացականյանն ասաց, որ դա հետևողական աշխատանք է:

«Սա նաև պրակտիկ կիրառական հարց է: Եթե հիմա նման բան միանգամից չի լինում, չի նշանակում, որ մոռացանք, անցանք: Սա մեզ համար շատ կոնկրետ պրակտիկ խնդիր է»,- շեշտեց նախարարը:

Խոսելով խաղաղության նախապատրաստելու հայտարարության մասին՝ Մնացականյանն ընդգծեց, որ զարմացած է հասարակությունում պարտվողականության տրամադրությամբ:

«Այն, ինչ ասված է մեր, մյուս կողմի և համանախագահների հաղորդագրությունների մեջ, շարունակական, հետևողական քաղաքականություն է: Մենք միշտ խոսել ենք այն մասին, որ անհրաժեշտ է խաղաղությանը նպաստող միջավայր, քանի որ անհնար է մի կողմից խաղաղության համար բանակցել, իսկ մյուս կողմից՝ թշնամության կամ առավել ևս մեծացնել էսկալացիոն լարվածությունը: Մենք որևէ կերպ չենք շեղվել այն հարցերից, ինչ ասել ենք: Մեր դիրքորոշման մեջ որևէ շեղում երբեք չի եղել, երբ մենք ընդգծել ենք այն սկզբունքները, որոնք վերաբերում են հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, խաղաղ բանակցություններին՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- շեշտեց ՀՀ ԱԳ նախարարը:

*

*