Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում

«Կցանկանայի ներկայացնել Հայաստանում տեղի ունեցած վերջին հիմնարար ժողովրդավարական փոփոխությունները»

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանին:

Ելույթում, մասնավորապես, ասվում է.

«Սա նախարարի կարգավիճակում իմ առաջին ելույթն է Մարդու իրավունքների խորհրդում, և ես կցանկանայի օգտվել այս հնարավորությունից` ձեզ ներկայացնելու Հայաստանում տեղի ունեցած վերջին հիմնարար ժողովրդավարական փոփոխությունները և ապագայի մեր տեսլականը:

Ապրիլին հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան Հայաստանի տարբեր քաղաքների և ավանների փողոցներ՝ խաղաղ կերպով բողոքի  բարձրաձայնելու իշխանությունների և արդարադատությունն ու օրենքի գերակայությունը խաթարող բացասական երևույթների դեմ: Նրանք պահանջում էին հասարակական հարցերին անմիջական և լսելի մասնակցություն։ Ակնհայտորեն Հայաստանում հասարակական բողոքներն ի ցույց դրեցին մեր քաղաքացիական հասարակության զորությունը: Նրանք ցույց տվեցին Հայաստանի հասարակության էվոլյուցիան դեպի քաղաքական հասունության և իրավական գրագիտության առավել բարձր մակարդակը:

Հայաստանում փոփոխությունները խիստ ներքին բնույթ էին կրում և ակնհայտորեն պայմանավորված էին ներհայաստանյան իրողություններով: Դրանք իրականացվել են ժողովրդի կողմից և ժողովրդի համար, իսկ փոփոխության առաջնագծում կանգնած էին մասնավորապես կանայք և երիտասարդները։ Հայաստանը հպարտ է իր իրավունքների և ազատությունների համար լիարժեք պատասխանատվություն ստանձնած կենսունակ և գործունակ սերնդով:

Խաղաղ զանգվածային հանրահավաքներից և իշխանության նույնքան խաղաղ փոխանցումից հետո ընտրվեց նոր կառավարություն: Նախորդ չորս ամիսների ընթացքում ժողովրդի ճնշող մեծամասնության աջակցության և մանդատի շնորհիվ կառավարությունը ձեռնամուխ եղավ բարեփոխումների օրակարգի իրագործմանը` ուղղված կայուն ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը և խթանմանը, ուժեղ և անկախ դատական իշխանությանը, օրենքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ վճռական պայքարին և բոլորի համար հավասար ու արդար պայմանների խթանմանը` թե’ տնտեսական և թե’ հասարակական կյանքում: Այս նպատակները գերակշռում են կառավարության ծրագրում․․․»:

 

*

*