«Այն, ինչ Իսրայելի համար առեւտուր է, մահացու զենք է հայ ժողովրդի համար»․ Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի արտգործնախարարը հարցազրույց է տվել Իսրայելի հանրային հեռարձակող ընկերությանը
Zohrab

Հայաստանի արտգործնախարարը հարցազրույց է տվել Իսրայելի հանրային հեռարձակող ընկերությանը, որի ժամանակ խոսել է նաեւ Ադրբեջանին զենքի վաճառքի խնդրի մասին: «Այն, ինչ Իսրայելի համար առեւտուր է, մահացու զենք է հայ ժողովրդի համար»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը՝ շեշտելով, որ հայկական կողմը կորուստներ է ունեցել, երբ իր դեմ կիրառվել են նաեւ իսրայելական զենքեր:

Արտգործնախարարը նաեւ ասել է, որ սպառազինության մրցավազքը մեր տարածաշրջանում չի նպաստում խաղաղության եւ անվտանգության հիմնասյուների ձեւավորմանը: Մնացականյանի խոսքով՝ Հայաստանը անվտանգության բարձր գիտակցություն ունեցող երկիր է եւ շարունակելու է լինել այդպիսին:

Ավելին, Հայաստանն իր ժողովրդին պաշտպանելու միջոցներ ու կարողություններ ունի, սակայն, միեւնույն ժամանակ, հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն եւ անվտանգություն զարգացնելուն, հակամարտությունների բոլոր կողմերի համար ընդունելի խաղաղ լուծումներ գտնելուն:

Մնացականյանը հարցազրույցի ժամանակ նաեւ անդրադարձել է Հայոց Ցեղասպանությանը եւ ժխտված արդարության այն երեւույթին, որին շուրջ 105 տարի բախվում է հայ ժողովուրդը: «Ցեղասպանությունը երբեւէ չպետք է կրկնվի, բայց «այլեւս երբեքը» որեւէ շոշափելի ձեւով չի առարկայականացվել»- ասել է Հայաստանի արտգործնախարարը:

*

*