Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հետ

Զոհրաբ Մնացականյանն այցելել է նաեւ Փարիզի Աստվածամոր տաճար։

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ֆրանսիացի իր պաշտոնակցի՝ Ժան-Իվ Լը Դրիանի հետ: Մնացականյանն ընդգծել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հրամանագիրը:

Արտգործնախարարներն անդրադարձել են նաեւ ղարաբաղյան հակամարտությանը, Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրին: Զոհրաբ Մնացականյանը կարեւորել է վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցը՝ շեշտելով, որ այդ գործընթացը հնարավորություն կընձեռի առավել ընդլայնելու մարդկանց միջեւ շփումները եւ կխթանի Հայաստանի եւ Եվրամիության անդամ երկրների համագործակցության ամրապնդմանը: Նախարար Մնացականյանը նշել է նաեւ, որ շատ հուզիչ է Փարիզում գտնվելը՝ Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհից հետո: Նա իր գործընկերոջն է փոխանցել Ֆրանսիայի նախագահին ուղղված Հայաստանի վարչապետի նամակը, որով Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնում, որ համատեղ ջանքերով կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր՝ տաճարի նախկին տեսքը վերականգնելու համար:

Հայաստանի արտգործնախարարն այցելել է նաեւ Փարիզի Աստվածամոր տաճար:

57059852_10155838120107434_9089058917631131648_n

*

*