Հայաստանի վարած քաղաքականությունը, այդ թվում և արտաքին, խիստ հայաստանակենտրոն է և հայամետ. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը ելույթ ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության...
zohrap-mnacakanyan

Դեկտեմբերի 11-ին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը որպես հրավիրյալ բանախոս ելույթ ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 10-րդ տարեկան վեհաժողովին։

Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը, շնորհակալություն հայտնելով նախօրեին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների՝ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան կազմակերպելու կապակցությամբ ֆորումի մասնակիցների կողմից հնչած շնորհավորանքների համար, մասնավորապես, նշեց.

«Նախորդ ամիսների ընթացքում կառավարության առաջնային նպատակները հիմնված են եղել հասարակության շատ պարզ, լայն, ամուր մանդատի վրա, և պահանջների ցանկում առաջնահերթությունները պայմանավորված էին արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության հարցերով։ Շատ ոգևորիչ է, որ վարչապետի կուսակցությունը հետևողական էր տրված մանդատի շրջանակներում այդ հարցերին լուծում տալու իր մղման և հասարակական այդ հզոր աջակցությունը պահպանելու մեջ, աջակցություն, որն արտացոլվեց կիրակի օրը կայացած ընտրությունների ժամանակ։ Միջազգային դիտորդական առաքելությունները շատ բարձր են գնահատել Հայաստանում կայացած ընտրությունները, ինչը շատ կարևոր է և արտահայտում է մեր գործընկերների հետ համագործակցության բնույթը։ Սակայն այս ամենում ամենակարևորը ընտրությունների արդյունքների ընդունումն է հասարակության,  ընտրական գործընթացի մասնակիցների կողմից»։

Անդրադառնալով նախընտրական արշավի կազմակերպմանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց քաղաքական նոր մշակույթի ներդրումը, ներառյալ ընտրություններում մրցող ուժերի առաջնորդների մասնակցությամբ հեռուստաբանավեճը:

«Հայաստանի վարած քաղաքականությունը, այդ թվում և արտաքին քաղաքականությունը խիստ հայաստանակենտրոն են և հայամետ։ Եվ հենց այդ հայաստանամետ քաղաքականության մոտեցումն է, որ մենք դնում ենք գործընկերություն կառուցելու հիմքում, հատկապես այն կառույցների, երկրների, կազմակերպությունների հետ, որտեղ առկա են այն կայուն օրինակները, որոնց մենք ձգտում ենք մեր ներքին կյանքում։ Այսպիսով, մեր գործընկերությունը Եվրոպական Միության հետ պայմանավորված է հենց այդ հրամայականով՝ ԵՄ ինստիտուցիոնալ, ֆինանսական աջակցությունը, ունեցած փորձը ներդնելու մեր  երկրի զարգացման գործում։ Այս ամենը նույնն է Եվրոպայի Խորհրդի, ԵԱՀԿ շրջանակներում մեր համագործակցության դեպքերում։ Խոսքը գնում է կարևոր միջազգային կազմակերպությունների, նրանց խորը փորձագիտական կարողությունների մասին, որոնք կարող են օգտագործվել մեր երկրի կարիքների համար»,- ընդգծեց Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը։

Նախարարի պաշտոնակատար Մնացականյանի խոսքով՝ այդ համատեքստում պետք է դիտարկել նաև Արևելյան գործընկերությունը: «Երկրները տարբեր են, և յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե իր համար որ քաղաքականությունն է կիրառելի այս պարագայում: Համագործակցության արդյունավետության գնահատականը պայմանավորված է նրանով, թե ինչպես է այն ծառայում միասին աշխատելու նպատակին: Կարծում եմ՝ դա ճիշտ և կարևոր ուղերձ է հղում Եվրամիության գործընկերներին, որ Եվրամիության արևելքում կա երկրների խումբ, որը ձգտում է համագործակցել ԵՄ-ի հետ` տարածաշրջանային փոխկապակցվածության և միասնականության համատեքստում»:

*

*