Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է Մամեդյարովի հայտարարությանը

«Մենք սկզբունքորեն կողմ ենք բանակցություններին Արցախի մասնակցությանը»
zohrab-mnacakanyan

Հայաստանի Հանրապետությունը սկզբունքորեն կողմ է, որ Ստեփանակերտը որպես բանակցային կողմ ներկայացված լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում: Այս մասին Բրյուսելում լրագրողների հետ զրույցի ժամանակ  ասել է  ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը սկզբունքորեն դեմ է Ստեփանակերտի վերադարձին բանակցային սեղան:

«Մենք էլ սկզբունքորեն կողմ ենք։ Նորից կրկնեմ, մենք բազմիցս առնչվել ենք այս հարցին. սա խստորեն պրակտիկ հարց է, որովհետև եթե Արցախին չի տրվում հնարավորություն սեփականատերը լինել այս գործընթացի, արդյունավետությունը  լրջորեն տուժում է։ Մեր մոտեցումը շատ պրակտիկ է, շատ գործնական ու տրամաբանական»,- ասաց Մնացականյանը:

Նախարարը նաև նշեց, որ Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումների ընթացքում շփում ունեցել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ, և որ այդպիսի կարճատև զրույցները սովորական բնույթ են կրում: Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների առաջիկա հանդիպման վայրին ու ժամկետներին, Մնացականյանը նշեց, որ հաջորդ հանդիպման հավանական վայրը Վաշինգտոնն է, սակայն սխալ կլինի հյուրընկալող կողմի անունից որևէ հայտարարություն անել:

*

*