Փոստանջյանը սպառնում է հեռացնել խանգարողներին

Նա պատասխանել է հարցին, թե հնարավո՞ր է՝ ինքը դուրս գա «Ժառանգությունից»...
postanjyan

«Եթե ես մի տեղ գնում եմ, հետ չեմ վերադառնում: Եթե ինձ խանգարում են, ապա խանգարողներին ես հեռացնում եմ»,- «Ազատության» եթերում ասել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:

Նա պատասխանել է հարցին, թե հնարավո՞ր է՝ ինքը դուրս գա «Ժառանգությունից», եթե կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցի դաշինքով:

Դաշինքով մասնակցելու կողմնակից է Արմեն Մարտիրոսյանը, որն այս օրերին հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի հետ: Փոստանջյանը ասել է, որ դրանք լինելու են արհեստական դաշինքներ:

«Բոլորին ճանաչում ենք, բոլորի փորձն ու մեղսակցությունը անգիր գիտենք»,- հավելել է Փոստանջյանը՝ նկատի ունենալով ուժերին, որոնց հետ, հնարավոր է «Ժառանգությունը» դաշինք կազմի. «Ավելի լավ է լինել միայնակ, քան դասալիքների հետ»,- ասել է Ազգային ժողովի պատգամավորը:

Հիշեցնենք, որ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Երկիրն այսօրի» եթերում չէր հերքել լուրերը, որ ինքը հանդիպումներ է ունենում Վարդան Օսկանյանի, Սեյրան Օհանյանի, նաեւ Գագիկ Ծառուկյանի հետ:

Այժմ «Ժառանգությունում» սպասում են Րաֆֆի Հովհաննիսյանին, որ գա, նիստ անեն ու պաշտոնապես որոշեն՝ ընտրություններին կմասնակցեն դաշինքո՞վ՝ ինչպես պնդում է Արմեն Մարտիրոսյանը, թե՞ առանձին, ինչին կողմնակից է Զարուհի Փոստանջյանը:

«Ազատության» եթերում նա նաեւ ասել է, թե երկրում իրավիճակ փոխելու համար պետք է ստեղծվի ժամանակավոր կառավարություն, անցկացվեն արտահերթ ընտրություններ:

Հեղինակ՝

Մարիամ Բարսեղյան

*

*