Երեւանի եւ Բաքվի հետ քննարկումները հույս են տալիս, որ կարգավորման գործընթացն առաջ է ընթանում

Հերբերտ Զալբերը հուսով է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները կհանգեցնեն նախագահների հանդիպման շուրջ համաձայնության հաստատման:
herbert-zalber

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը հուսով է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները կհանգեցնեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման շուրջ համաձայնության հաստատման: Այս մասին ԵՄ ներկայացուցիչը Բաքվում ասել է ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում:

«ԵՄ-ն հարգանքով է վերաբերվում Մինսկի խմբի գործունեությանը, սակայն ցանկանում է լինել տեղեկացված գործընթացի վերաբերյալ: Հենց այդ պատճառով էլ ես այստեղ եմ և քննարկում եմ իրադրությունը ղեկավարության հետ, իսկ նախորդ շաբաթ նույն նպատակով Երևանում էի»,- նշել է Զալբերը:

Նա ընդգծել է, որ հանդիպումների ժամանակ ստացած ազդանշանները հույս են տալիս, որ գործընթացն առաջ է ընթանում: «Եթե իմ տպավորությունները ճիշտ են, կարող են որոշ համաձայնություններ կնքվել և գտնվի լուծման փոխզիջումային տարբերակ»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը:

Զալբերը հոկտեմբերի 26-ին հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ Եվրամիությունը շուտափույթ կերպով ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու կողմնակից է:

*

*