ՌԴ ԱԳՆ. ԼՂ հարցով բանակցություններն ակտիվ ընթացքի մեջ են

Զախարովան նաև շեշտել է, որ բանակցություններին մասնակցում են երկու երկրների ղեկավարությունները:
zakharova-lxh-adrbejan-hakamartutyun

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում որևէ անակնկալների մասին խոսք լինել չի կարող: Նման հայտարարությամբ լրագրողների հետ զրույցում հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` ի պատասխան այն հարցի, թե արդյոք բանակցությունների փակ լինելու հանգամանքը կարող է բերել Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների համար անակնկալ արդյունքների:

Նա նաև շեշտել է, որ բանակցություններին մասնակցում են երկու երկրների ղեկավարությունները, իսկ դրանց մասին տեղյալ են նաև երկրների փորձագիտական հանրությունները, ուստի որևէ անակնկալ չի կարող լինել:

«Հիմա ընթանում են ակտիվ բանակցություններ: Դա երկար գործընթաց է: Վտանգը բանակցային գործընթացի խախտման մեջ է: Հիմա շատ կարևոր պահ է: Մենք եղանք Երևանում և Բաքվում, մարդիկ մեզ մոտենում էին փողոցում, կիսվում իրենց մտահոգություններով և ասում, որ չեն ցանկանում արյունահեղության շարունակություն, զոհեր: Հենց դա էլ մեր նպատակն է»,- նշել է Զախարովան` հավելելով, որ վտանգավոր կարող է լինել այն իրավիճակը, երբ բանակցություններն ավարտվեն անարդյունք:

Իսկ կարգավորման գործընթացի վրա թուրքական հնարավոր ազդեցության մասին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է. «Այս հարցի պատասխանը շատ պարզ է: Ցանկացած կառուցողական աջակցություն կօժանդակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը»:

*

*