ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալի կողմից Արցախ առաքելություն ուղարկելու մասին որևէ խոսք չի եղել

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ներկայացրել է Օտոնեի կողմից լիազորված պաշտոնական հայտարարությունը
ernesto-ottone

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտոնեն հերքել է ադրբեջանական լրատվամիջոցներում Արցախ փորձագիտական առաքելություն ուղարկելու վերաբերյալ իրեն վերագրվող տեղեկատվությունը: Արցախ առաքելություն ուղարկելու մասին իր կողմից որևէ խոսք չի եղել:

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հրավիրված ճեպազրույցում ներկայացրեց Օտոնեի կողմից հայկական մամուլին ներկայացնելու համար լիազորված պաշտոնական հայտարարությունը:

«Ադրբեջանական մամուլում տեղեկատվություն էր շրջանառվում, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալն իբր հանդես է եկել հայտարարությամբ՝ Արցախ փորձագիտական առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ ներկայացուցիչը լուրը հրապարակելուց հետո անմիջապես կապ է հաստատել գլխավոր քարտուղարի տեղակալ Օտոնեի հետ: Վերջինս հերքել է ադրբեջանական մամուլում իրեն վերագրվող տեղեկատվությունը՝ Արցախ առաքելություն ուղարկելու մասին։ Օտոնեն նշել է, որ ինքը, ի պատասխան հնչած հարցին, ընդհանրապես խոսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություններ ուղարկելու պրակտիկայի մասին և նշել, որ տվյալ առաքելությունն ուղարկելու համար անհրաժեշտ է, որպեսզի շահագրգիռ կողմերը համապատասխան դիմում ներկայացնեն ՅՈՒՆԵՍԿՕ-ին, նաև նշել է, որ առաքելության իրականացման համար անհրաժեշտ են ապահովել անվտանգության միջոցներ»,- ասաց Նաղդալյանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալի կողմից Արցախ առաքելություն ուղարկելու մասին որևէ խոսք չի եղել: Օտոնեն նաև նկատել է, որ իր մեկնաբանությունը եղել է շատ պարզ և չպետք է որևէ տարընթերցման տեղիք տար:

*

*