Հայաստանում ընտրությունները դիտարկելու քայլով որևէ շահ չենք հետապնդում

Սփյուռքից Հայաստան ժամանած հայտնի հայերը քաղաքացիներին կոչ են անում անպայման մասնակցել...
tankyan

Հայաստանում Ազգային ժողովի առաջիկա ընտրությունները դիտարկելու համար Սփյուռքից Հայաստան ժամանած հայտնի հայերը քաղաքացիներին կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին և տեր կանգնել իրենց քվեին:

Մարտի 31-ին  կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ամերիկահայ հայտնի ռոք երգիչ, System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն ընդգծեց, որ մեծ պատիվ է իր համար լինել Հայաստանում և դիտորդական առաքելություն իրականացնելու ճանապարհով մասնակցել ընտրություններին:

«Մեր նպատակն առաջին հերթին հայ ժողովրդին ոգեշնչելն է, որպեսզի գնան և քվեարկեն: Ընտրություններին չմասնակցելը ես ճիշտ տարբերակ չեմ համարում: Ես հավատում եմ, որ ժողովուրդն է ուժը և ժողովուրդն է տերն այս ամենի: Ում օգտին էլ որ դուք քվեարկեք, մենք մինչև վերջ ձեր կողքին ենք լինելու: Անպայման մասնակցեք ընտրություններին, տվեք ձեր ձայնն այն կուսակցությանը, այն դաշինքին, որի գաղափարները ձեզ հոգեհարազատ են»,- նշեց Թանկյանը:

Սերժ Թանկյանը հավելեց, որ իրենք Հայաստանում ընտրությունները դիտարկելու քայլով որևէ շահ չեն հետապնդում, անկուսակցական են և անկողմնապահ: «Մեզ համար կարևոր է հայ ժողովրդի կամքը, մեզ համար կարևոր է, որպեսզի մարդիկ այդ օրը գնան և արտահայտեն իրենց կամքը»,- ընդգծեց նա:

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանն էլ ՀՀ քաղաքացիներին կոչ արեց գիտակցել, որ իրենց ձայնը կարող է լինել փոփոխության ձայն: «Մի մտածեք, որ ձեր ձայնն անիմաստ է: Անպայման մտածեք, որ ձեր ձայնը իմաստ ունի: Շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր ոք հասկանա, որ իր մասնակցությունն ընտրություններին շատ կարևոր է»,- նշեց Խանջյանը:

Նա հերքեց խոսակցությունները, թե իրենք սատարում են կոնկրետ քաղաքական ուժի: Նա հավաստիացրեց, որ որևէ մեկը չի կարող ապացուցել, որ իրենք որևէ կուսակցության են սատարում կամ աշխատում են որևէ քաղաքական ուժի հետ: Արսինե Խանջյանը լրագրողներին ևս կոչ արեց չհավատալ նման լուրերին և ժամանակ չտրամադրել դրանց, քանի որ չեն կարողանալու գտնել ապացույցներ մի բանի մասին, որը գոյություն չունի:

*

*