Ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու համար հայտարարվել է մրցույթ

Ընտրական գործընթացի օնլայն հեռարձակում ապահովելու համար ստեղծված հանձնաժողովն արդեն մրցույթ է հայտարարել:
tim-yntrutyunner

Խորհրդարանի առաջիկա ընտրությունների ընթացքում բոլոր տեղամասերում տեսախցիկներ տեղադրելու և ընտրական գործընթացի  օնլայն հեռարձակում ապահովելու համար ստեղծված հանձնաժողովն արդեն մրցույթ է հայտարարել և ընդունվում են առաջարկներ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Կա սահմանված ժամկետ, որի ավարտից հետո կամփոփվեն մրցույթի արդյունքները, որից հետո արդեն պարզ կլինի, թե ով է իրականացնելու այդ գործառույթը»,-  նշեց ԿԸՀ նախագահը:

Հարցին` կհերիքի ժամանակը տեղամասերում տեսախցիկներ տեղադրելու համար և հնարավո՞ր է, որ այդ դրույթը չիրագործվի, Մուկուչյանն ասաց, որ հարցի հասցեատերը ինքը չէ:

«Ես ընդամենը փաստերն եմ ֆիքսում, որ հայտարարվել է մրցույթ, որի հիման վրա էլ հետագայում կկայացվեն որոշումներ»,- նշեց նա:

Անդրադառնալով հարցին` եթե հանձնաժողովը տեխնիկապես չհասցնի իրականացնել տեսախցիկների տեղադրման վերաբերյալ դրույթը, օրենք թույլ տալի՞ս է այն չկիրառել, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց.

«Ես կառաջարկեի սպասել մրցույթի ավարտին: Օրենքը նախատեսում է, որ պետք է լինի մրցույթ, որի արդյունքում պետք է լինի համապատասխան մասնագիտացված կազմակերպություն, որը կներկայացնի հայտ, կբավարարի մրցույթի պայմաններին և նշված կազմակերպության ընտրության դեպքում այն կիրականացնի այդ գործընթացը»:

*

*