ՀՀԿ-ն նախաձեռնությունը համարում է անիմաստ, ՀԱԿ-ը՝ սահմանադրականության հարց

Քաղաքական ուժերը քննարկում են ընտրությունների օրը փոխելու հարցը:
Քաղաքական ուժերը պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին, եւ զուգահեռաբար, քննարկում ընտրությունների օրը փոխելու հարցը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությունը ստորագրահավաք է նախաձեռնել՝ ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու սահմանադրականությունը վիճարկելու նպատակով Սահմանադրական դատարան դիմելու համար, մինչդեռ իշխող «Հանրապետականը» ընդդիմության այս քայլը համարում է անիմաստ: Այսօր եւս անհրաժեշտ 27 ստորագրությունը դեռ չի հավաքվել:
Երեկ՝ 14, այսօր եւս 3 պատգամավոր է միացել Սահմանադրական դատարան դիմելու ՀԱԿ-ի նախաձեռնությանը: 
 
«Մեր հաշվարկներով այդ թիվը կարող է հասնել 23, 24-ի»,- ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն: ԲՀԿ-ն երեկ հայտարարեց, որ պաշտպանում է խնդրի սահմանադրականությունը ապահովող նախաձեռնությունը, բայց դե ֆակտո 22 հոգանոց խմբակցությունից ՀԱԿ-ի ստորագրահավաքին միացել են առայժմ միայն 3 պատգամավոր: Արամ Մանուկյանը չգիտեր, թե ինչու են հապաղում ԲՀԿ-ականները:
«Ես իրենցից հաշվետվություն պահանջելու իրավունք չունեմ: Խնդրանքով կարող եմ եւս մեկ անգամ դիմել: Թող ոչ ոք չմտածի, թե սա ՀԱԿ-ի նախաձեռնությունն է»,- հավելեց Արամ Մանուկյանը:
Սահմանադրական դատարանում հարցը վիճարկել ցանկացողները պնդում են, որ խորհրդարանական ընտրությունների նշանակումը ապրիլի 2-ին հակասահմանադրական է. օրը որոշվել է 2015-ին փոփոխված Սահմանադրությամբ, բայց դեռեւս գործողության մեջ է 2005-ի Սահմանադրության համապատասխան դրույթը: ՀԱԿ-ի՝ ՍԴ դիմելու նպատակը ոչ թե իրավական է, այլ քաղաքական ու նախընտրական. ասում է «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
 
«Մամուլի էջերը հետաքրքրացնելու համար է, որպեսզի ավելի շատ խոսեն իրենց մասին: Ընտրությունները մոտենում են, Ազգային ժողովի ամբիոնը շատ չեն կարող օգտագործել: Հասկանալի է»,- մանրամասնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Հանրապետական պատգամավորը զրուցել է սահմանադրագետների հետ, նրանք ասել են՝ ապրիլի 2-ի հետ կապված հակասահմանադրականության խնդիր չկա, բայց եթե քաղաքական ուժերը ուզենան հարցը քննարկել, ՀՀԿ-ն քննարկմանը դեմ չէ: Սեփական նախաձեռնությամբ քննարկում չեն կազմակերպի:
 
«Ով որ գտնում ա, թե օրվա մեջ խնդիր կա, թող նա էլ քննարկում նախաձեռնի: Մենք մեր համաձայնությունը տվել ենք: Ես հիմա էլ կարող եմ զանգել խմբակցություններին, քննարկում կազմակերպել, բայց արդեն ուշ ա, իրենք դիմում են Սահմանադրական դատարան»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Սահմանադրական դատարան դիմելու համար ստորագրահավաքին վերջնաժամկետ չկա. Արամ Մանուկյանն ասաց՝ կսպասեն մինչեւ քառօրյայի ավարտ, ու նորից դիմեց պատգամավորներին. 
 
«Համաձա՞ն են իրենք, որ ընտրությունները անցկացվեն ակնհայտ սահմանադրական խախտումով»:
Հարցին՝ հնարավո՞ր է այդ ակնհայտ խախտումի պատճառով ՀԱԿ-ը չմասնակցի ընտրություններին, եթե օրը չփոխվի, Արամ Մանուկյանը պատասխանեց.
 
«Այդպիսի հարց մենք չենք քննարկել»:
Կրկին հարց հնչեց. այնուամենայնիվ՝ կմասնակցե՞ք:
«Այո, իհարկե»,- պատասխանեց Արամ Մանուկյանը:

Պատրաստեց՝

Մարիամ Բարսեղյանը

*

*