Որևէ կուսակցություն կամ դաշինք դեռ առաջադրման փաստաթղթեր չի ներկայացրել

Տիգրան Մուկուչյանն անդրադարձավ վերջին օրերին շրջանառվող այն դիտարկումներին, թե ընտրական գործընթացը բարդ է

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով փետրվարի 10-ի դրությամբ որևէ կուսակցություն կամ դաշինք առաջադրման փաստաթղթեր դեռ չի ներկայացրել: «Ընտրական վարչարարության մարմինների կարողությունների ամրապնդում՝ ընտրական վեճերի լուծման գործընթացների բարելավման նպատակով» ծրագրի շրջանակում Երևանում կազմակերպված աշխատաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Տիգրան Մուկուչյանն անդրադարձավ վերջին օրերին շրջանառվող այն դիտարկումներին, թե ընտրական գործընթացը բարդ է և անհասկանալի՝ հասարակ ընտրողին:

«Կարծում եմ, որ ձևակերպման նման մոտեցումը չափազանցված է: Կան որոշակի ընթացակարգեր, որոնք նոր են, կապված հատկապես քվեակարգի հետ, այսինքն` ինչպիսին պետք է լինի քվեաթերթիկը, ինչպես պետք է իրականացվի դրանով քվեարկությունը և այլն: Գիտեք, որ համապատասխան տեղեկատվական հոլովակը պատրաստվել է, ԿԸՀ կայքում կա, և առաջիկայում արդեն, երբ առաջադրումները կլինեն, վստահ եմ, կլինի նաև ավելի մեծ իրազեկման բնույթի արշավ, ինչը հնարավորություն կտա այդ ժամանակահատվածում ընտրողներին քաջատեղյակ լինել նոր քվեակարգի բոլոր հանգամանքներին»,-ասաց Տիգրան Մուկուչյանը:

Անդրադառնալով ռեյտինգային ցուցակների հետ կապված հնչած մտահոգություններին` Տիգրան Մուկուչյանը նշեց, որ նախ դա ոչ թե ռեյտինգային, այլ ընդամենը տարածքային ցուցակներ են: Նա նշեց, որ հանրապետության տարածքը բաժանված է 13 ընտրական տարածքների, յուրաքանչյուր ընտրական տարածքում լինելու է, համապատասխանաբար, նաև կուսակցության տարածքային ցուցակ, այսինքն` կուսակցությունն առաջադրելու է մեկ համապետական ցուցակ, որն էլ բաղկացած է լինելու երկու մասից,  երկրորդ հատվածում ընդգրկվելու են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, և յուրաքանչուր տարածքի համար մեկ տարածքային ընտրական ցուցակ: Տարածքային ընտրական ցուցակում արդեն նշվելու են այն թեկնածուների անունները, որոնք թեկնածու են տվյալ տարածքային ցուցակով:

Քանի որ յուրաքանչյուր կուսակցության համար տպագրվելու է առանձին քվեաթերթիկ, հետևաբար, ըստ էության, տպագրվելու է 13 տեսակի քվեաթերթիկ, որի մի կողմում նշվելու է կուսակցության անվանումը, համարը, կուսակցության համապետական ցուցակի թեկնածուների անունները, իսկ հակառակ կողմում տարածքային ցուցակում ընդգրկված թեկնածուների անունները:

Ինչ վերաբերում է ձայների հաշվարկին, ապա Տիգրան Մուկուչյանը նշեց, որ մի քանի քայլ է իրականացվելու: Առաջինը որոշվում են այն կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքներ, որոնք հաղթահարել են 5 կամ 7- տոկոսանոց շեմը: Այնուհետև իրենց ստացած ձայներին համամասնորեն որոշվում է նրանց ստացած մանդատների քանակը, մանդատների կեսը բաշխվում է համապետական ցուցակի թեկնածուների միջև, մյուս կեսը տարածքային ցուցակների միջև: Տարածքային ցուցակների պարագայում հիմք են ընդունվում նորից տվյալ տարածքում կուսակցության ստացած քվեները: Դրանցով որոշվում է, թե որքան մանդատ է ստանալու տվյալ կուսակցությունը, և երբ արդեն կսկսվի մանդատների բաշխումը, այդ ժամանակ հիմք են ընդունվելու տվյալ տարածքում, տվյալ թեկնածուի ստացած ձայները:

«Եթե ունենք նոր գործառույթներ, ընտրական օրենսգրքով արդեն ամրագրված քվեակարգի նոր տարրեր, ակնհայտ է, որ որոշակի առումով ծանրաբեռնվելու են տեղամասային ընտրական հանձնաժողովները»,-ավելացրեց Տիգրան Մուկուչյանը:

*

*