Միջազգային դիտորդներն իրենց հայտարարության մեջ նշել են ընտրակաշառքների ու ճնշումների մասին

«Հետք են թողել ընտրակաշառքի վերաբերյալ հավաստի տեղեկատվությունը եւ ընտրողների վրա ճնշումները»

Նախագահը վստահություն է հայտնել, որ ԱՊՀ դիտորդների մասնագիտական կազմը ընտրությունների արդյունքների վերաբերյալ կներկայացնի հավասարակշռված, անաչառ ամփոփիչ հաշվետվություն, կհնչեցնի իր գնահատականները, դիտարկումներն ու խորհրդատվությունները, որոնք կնպաստեն Հայաստանում ընտրական գործընթացների շարունակական կատարելագործմանը: Մինչ նախագահականում հանդիպում էր, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, ԵԽԽՎ-ի եւ Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչներն ընտրությունների ընթացքի վերաբերյալ նախնական ու միասնական հայտարարությամբ էին հանդես գալիս:

«Ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները լավ կազմակերպված են եղել իրավական եւ տեխնիկական բարեփոխումների արդյունքում, սակայն գործընթացի վրա հետք են թողել ընտրակաշառքի վերաբերյալ հավաստի տեղեկատվությունը եւ ընտրողների վրա ճնշումները»,- վստահեցնում են մշտադիտարկում իրականացող միջազգային դիտորդները, որոնք իրենց կազմում ունեցել են 450 դիտորդներ՝ 42 երկրներից:

ԵԽԽՎ-ի պատվիրակության ղեկավար Լիլիան Մորի Պասկիերի խոսքով՝ ընտրական պրոցեսներում միայն նոր տեխնոլոգիաների կիրառումը չի կարող հասարակության մոտ առկա անվստահությունն այդ գործընթացների նկատմամբ վերացնել, ինչն առկա է եղել նաեւ այս անգամ: Ընտրողների վրա ճնշումներ են եղել ինչպես ընտրությունների նախորդ օրերին, այնպես էլ հենց քվեարկության օրը: Նրա կարծիքով՝ վախն ավելի մեծ է եղել, քան հույսը, ընտրատեղամասերում եղել են կուտակումներ, հերթեր, մարդկանց ձեռքին պարբերաբար թերթիկներ, ցուցակներ են նկատել:

Ըստ միջազգային դիտորդների՝ լրատվամիջոցներում ավելի քիչ են եղել բանավեճերը, ծրագրային դրույթների շուրջ քննարկումները, քան անհատ թեկնածուների մասին հրապարակումները: Նրանք հրաժարվեցին մեկ նախադասությամբ բնորոշել ընտրությունները՝ շեշտելով, որ բարեփոխումների իրականացումը մշտական պրոցես է եւ առաջիկայում կներկայացնեն իրենց ամբողջական դիտարկումներն առաջարկությունների հետ մեկտեղ:

Մանրամասները՝ տեսանյութում

Պատրաստեց՝

Նունե Հովսեփյանը

*

*