ԿԸՀ-ն դեռևս ապրիլի 2-ի համար է իրականացնում ընտրությունների անցկացման գործառույթները

Օրվա նշանակման խնդրի հետ կապված ԿԸՀ-ն որևէ լիազորություն չունի:
mukuchyan

tert.am— Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռևս ապրիլի 2-ի համար է իրականացնում խորհրդարանական ընտրությունների անցկացման համապատասխան գործառույթները. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Օրը նշանակվում է, և ԿԸՀ-ն սկսում է համաձայն  նշված օրի իրականացնել իր գործառույթները: Այս պահին օրը նշակված է ապրիլի 2-ին և այդ օրվա համար էլ գործառույթներն իրականացվում են»,-ասաց նա՝  հիշեցնելով, որ օրվա նշանակման խնդրի հետ կապված ԿԸՀ-ն որևէ լիազորություն չունի:

«Օրը նշանակվել է Նախագահի հրամանագրով, դրանից հետո ԿԸՀ-ն իրականացրել է իր գործառույթները, մենք այս պահին ունենք իրավական ակտ, որը նշանակված է ամսի 2-ին և դրան  համապատասխան գործառույթներն իրականացվում են»,-ասաց նա:

Տիգրան Մուկուչյանը նշեց, որ օրը փոխելու որևէ հնարավորության և անհնարինության մասին դատողություն անել չի կարող:

Հիշեցնենք, որ որոշ քաղաքական ուժեր, քաղհասարակության ներկայացուցիչներ և ապրիլյան զոհերի հարազատները պահանջում էին հարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակն ու փոխել ընտրությունների օրը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն էլ նշել էր, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը որևէ քաղաքական խոչընդոտ չի տեսնում խորհրդարանական ընտրությունների օրը 3-4 օրով հետաձգելու հարցում և պատրաստ է բոլոր ուժերի հետ քննարկել այս հարցը:

«Եթե բոլոր քաղաքական դերակատարները գան քաղաքական պայմանավորվածության, որը համընկնում է ապրիլի 2-ի հետ, ապա ՀՀԿ-ն որևէ քաղաքական խոչընդոտ չի տեսնում, պատրաստ ենք բոլոր ուժերի հետ քննարկել այս հարցը»,- ասել էր նա: Tert.am-ի հետ զրույցում քաղաքական ուժերը նշել էին, որ կողմ են ընտրությունների օրը հետաձգելուն:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները