Ընտրողների էլեկտրոնային գրանցման փորձարկմանն արձանագրվել են մի քանի խնդիրներ

Դավիթ Հարությունյանը ներկայացրեց դրանք լուծելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
davit-harutyunyan

Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում առաջին անգամ կիրառվելիք ընտրողների գրանցման էլեկտրոնային սարքավորումների փորձարկումների ընթացքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնց լուծում տալու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա և Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների փորձարկման ընթացքում արձանագրված խնդիրները և դրանք լուծելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

«Խնդիրների առաջին խումբը վերաբերվում է վերահսկողությանը: Թերևս, բոլորն արդեն գիտեն, որ կրկնակի գրանցման փորձի դեպքում պետք է սարքավորման էկրանին կարմիր նշան հայտնվի, եթե անձը տվյալ տեղամասից չէ, պետք է դեղին նշան հայտնվի և այլն: Օրինակ, այս դեպքում մենք պարզեցինք, որ այս նշանները պետք է մեծացվեն, որպեսզի վստահված անձինք և դիտորդները միանգամից տեսնեն: Բայց եղավ նաև առաջարկ, որն արել են դիտորդները, մենք էլ արդեն ձեռնամուխ ենք եղել դա իրագործելուն: Օրինակ, եթե կրկնակի գրանցման դեպք է և վառվել է կարմիր լույսը, ապա դրա հետ պետք է լինի համապատասխան ձայնային ազդանշան: Անգամ առաջարկվել է, որ այն լինի ոստիկանական մեքենայի ձայնին նմանակող ազդանշան»,- նշեց Հարությունյանը:

Նա հավելեց, որ լինում են դեպքեր, երբ սարքը չի կարողանում ավտոմատ կարգով կարդալ անձնագրի կամ նույնականացման քարտի համարը: Նման դեպքերում մասնագետը պարտավոր է ձեռքով մուտքագրել ընտրողի տվյալները:

«Նման դեպքերում էլ մենք առաջարկ ստացանք ներդնել համապատասխան ձայնային ազդանշան, որպեսզի ուշադրություն գրավի: Այսինքն, մի խումբ հարցեր վերաբերվում են զուտ վերահսկողությանը և հիմա դրանք արդեն կյանքի են կոչվում»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Խնդիրների երկրորդ խումբը վերաբերվում է աշխատանքի հարմարավետությանը և հանձնաժողովների աշխատանքին:

«Երբ սարքավորումը տպում է կտրոնը, դրանում նշվում է նաև ընտրողի գրանցման հերթական համարը: Հետո, երբ մատյանում ընտրողը պետք է ստորագրի, որպեսզի հեշտ գտնեն ընտրողին: Այս դեպքում հարց բարձրացվեց, որպեսզի այդ գրանցման համարը կտրոնի վրա այնքան պարզ և ցայտուն լինի, որպեսզի հետո ժամանակ չծախսեն որոնելու, թե կտրոնի որ հատվածում է գրված այդ թիվը: Սրանք առաջին հայացքից շատ փոքր հարցեր են, սակայն շատ կարևոր են, երբ կա մարդկանց հոսք, իսկ քվեարկության օրը հերթերի բացակայությունը պայմանավորված կլինի նրանով, թե որքանով մենք կկարողանանք օպտիմալ ձևով պլանավորել այս գործընթացը: Այս ուղղությամբ մենք ևս աշխատում ենք»,- մանրամասնեց Դավիթ Հարությունյանը:

Խնդիրների երրորդ խմբի մասին բարձրաձայնել են մասնագետները, ովքեր իրականացրել են սարքերի փորձարկումը:

«Մասնավորապես, խոսքը որոշ դեպքերում ծրագրի լրացուցիչ պահանջների մասին է: Օրինակ, անձնագրի կամ նույնականացման քարտի ներմուծումից հետո էկրանին հայտնվում է ընտրողի նկարը, և մասնագետը պետք է սեղմի շարունակել կոճակը և նման այլ խնդիրներ, որոնց կարիքն ուղղակի չկա: Այսինքն, դրել ենք ծրագրային ապահովման պարզեցման խնդիր մի շարք դեպքերում, որը մանրամասն քննարկել ենք և կյանքի կկոչենք այն, ինչ հնարավոր է»,- ընդգծեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:

Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, բոլոր ուղղություններով ուսումնասիրությունները կատարվել են սարքավորումների փորձարկումների ընթացքում և աշխատանքները շարունակվում են:

«Մենք ենթադրում ենք, որ որևէ լուրջ խնդիր չունենք: Մեր հետագա աշխատանքն այն է լինելու, որպեսզի գտնենք 120 դասախոսների, ովքեր կվերապատրաստեն այն 6 հազար մասնագետների թեկնածուներին, ովքեր առաջարկել են իրենց թեկնածությունը Ազգային ժողովի ընտրությունների օրն ընտրական տեղամասերում աշխատելու համար»,- եզրափակեց Հարությունյանը:

*

*