ԱԺ 5 խմբակցություններ կոմպրոմիսի են եկել ԸՕ փոփոխությունների հարցում

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
azgayin-zoxov

Իշխանությունն ու ընդդիմությունն  խորհրդարանում քննարկումների արդյունքում վերջնական համաձայնության են եկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծում առկա խնդրահարույց դրույթի շուրջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Սուտ հայտարարությունը տարբերակվելու է, այսինքն՝ տարբերակվելու են դիտավորությամբ արված և անփութությամբ արված հայտարարությունները, որովհետև եթե դիտավորությամբ է արված, թող քրեական պատասխանատվության ենթարկվի, իսկ եթե անփութությամբ է, նախատեսում ենք տուգանք՝ մինչև 800 հազար դրամ կամ մինչև 2 տարի ազատազրկում: Իմաստն այն է, որ հանցավոր անփութության համար մարդիկ գոնե տուգանքով են պատասխանատվության ենթարկվում»,-  նշեց Զուրաբյանը:

Դիտարկմանը, թե փաստորեն իշխանությունը համաձայնել է ընդդիմության պահանջներին, նա արձագանքեց, թե սա կոմպրոմիս է 5 խմբակցությունների միջև:

«Մենք կարող ենք ասել, որ եկել ենք փոխզիջումային լուծման, ոչ թե մեր առաջարկն ընդունվել է»,- պարզաբանեց պատգամավորը:

Հարցին՝ գո՞հ է այդ արդյունքից, Զուրաբյանը պատասխանեց. «Միշտ էլ կարելի է ինչ-որ բանից դժգոհ մնալ: Հարցն այն է, որ խնդիրն ի վերջո այնպես լուծվի, որ դեմոկրատական գործընթաց ապահովվի»:

*

*