Արա Բաբլոյանը հանդիպել է ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հետ

Աշխատանքային խմբի անդամները ՀՀ ԱԺ նախագահին առաջարկել են իրենց անունից պաշտոնապես դիմել ՀՀ վարչապետին․․․
entrakan-orensgirq-qnnarkum

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 21-ին հանդիպել է ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով համախոհությամբ (կոնսեսուսով) ձեւավորված խորհրդարանական չորս խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի (այսուհետ՝ Աշխատանքային խումբ) անդամների հետ:

ՀՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները համակարծիք էին, որ անհրաժեշտ է ՀՀ կառավարության հետ աշխատել փոխհամաձայնեցված եւ փոխգործակցությամբ: Այս առնչությամբ Աշխատանքային խմբի անդամները ՀՀ ԱԺ նախագահին առաջարկել են իրենց անունից պաշտոնապես դիմել ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ ակնկալելով, որ Կառավարությունը կստեղծի երեք հոգուց բաղկացած լիազոր ներկայացուցիչների խումբ, որն էլ հետագայում կաշխատի խորհրդարանական աշխատանքային խմբի հետ:

Որոշվել է, որ մինչեւ առաջին նիստն Աշխատանքային խմբի անդամները պետք է ներկայացնեն իրենց տեսլականն ընտրական օրենսդրության բարեփոխումների մասին:

Արա Բաբլոյանն առաջարկել է Աշխատանքային խմբի աշխատանքները համակարգել եւ սպասվող նիստերը վարել ռոտացիոն սկզբունքով: Առաջարկն ընդունվել է:

Աշխատանքային խմբի առաջին նիստը տեղի է ունենալու 2018 թվականի հուլիսի 4-ին՝ սկիզբը ժամը12:00-ին, ՀՀ Ազգային ժողովում: Առաջին նիստի նախապատրաստական աշխատանքները համակարգելու է Աշխատանքային խմբում ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները