Բաղդասարյանը մեկնաբանում է՝ ինչո՞ւ են ԸՕ նախագիծն առաջինն ուղարկել Ստրասբուրգ

Ազգային ժողովում ամենասպասված փաստաթուղթն այս օրերին նոր Ընտրական օրենսգրքի նախագիծն է:

Ազգային ժողովում ամենասպասված փաստաթուղթն այս օրերին նոր Ընտրական օրենսգրքի նախագիծն է: Համաձայն ՀՀ Նախագահի՝ փետրվարի 10-ին ստորագրած հրամանագրի, Կառավարությունն այն պետք է խորհրդարան ուղակեր մինչեւ մարտի 1-ը: Չի ուղարկվել, ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի կարծում, թե դա մեծ խախտում է.

«Այդ երկու օրվա համա՞ր. կարող եք բողոքարկել, թե այդ երկու օրվա մեջ կարող էինք շատ մեծ վնասներ կրել: Դրա համար պետք չէր, որ կառավարությունն արտահերթ նիստ հրավիրեր»,- ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Պատգամավորի հավաստմամբ՝ նախագիծը մարտի 1-ին պատրաստ է եղել, ու սպասել են կառավարության հերթական նիստին, որ արժանանա գործադիրի հավանությանը: Հերթական նիստն այսօր է՝ մարտի 3-ին:

Կառավարության պաշտոնական կայքում տեղադրված նախագծից տեղեկանում ենք, որ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Հայաստանի տարածքում կստեղծվի 13 ընտրատարածք. 4-ը՝ Երեւանում, 9-ը՝ մարզերում: Պատգամավորների նվազագույն թիվը 101 է: Որպեսզի ընտրությունները համարվեն կայացած, իսկ կայուն մեծամասնությունը ձեւավորված, անհրաժեշտ է, որ կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքն առաջին փուլի արդյունքներով ստանա 53 մանդատ: Հակառակ պարագայում, առաջին փուլից 21 օր անց կանցկացվի երկրորդ փուլը:

Կուսակցություններն ու դաշինքները ընտրություններին մասնակցելու են 2 ցուցակով՝ համապետական եւ տարածքային: Գործադիրի հավանությանն արժանանալուց հետո Ընտրական օրենսգրքի նախագիծը կուղարկվի Ազգային ժողով, ու մինչեւ լիագումար նիտ՝ քննարկումների երկար ընթացք կանցնի.

«Սկսելու են քննարկել մշտական հանձնաժողովներում, խմբակցություններում, միջազգային կազմակերպությունների հետ, լսումների ընթացքում»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը։

Մինչեւ քննարկումների ավարտ ու քվեարկություն՝ ակնկալվում է, որ խորհրդարան կուղարկվի նաեւ Եվրախորհրդի փորձագիտական՝ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը: Ըստ Վահրամ Բաղդասարյանի՝ հենց դրա համար էր նախագիծը նախապես ուղարկվել Ստրասբուրգ.

«Եթե մենք հանկարծ որեւէ բան Վենետիկի հանձնաժողովին հիմա չէինք ուղարկում, եւ Ազգային ժողով գալուց հետո զուգահեռ ինչ-որ թուղթ էինք ուղարկում, եւ 2-3 օր հետ կատարում էինք լսումներ, այդ դեպքում Վենետիկի հանձնաժողովը կասեր՝ մեր մասնակցությունը Դուք ինչո՞վ էիք ակնկալում, երբ որ ընդամենը 2 օր առաջ եք փաստաթուղթն ուղարկել»,- մեկնաբանեց Բաղդասարյանը։

Նոր Ընտրական օրենսգիրքը, նախագահի կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն, պետք է ընդունվի մինչեւ հունիսի 1-ը:

*

*