Ընտրական գործընթացների հետ կապված խնդիրները մեկընդմիշտ լուծելու կամքն առկա է

«Դրա համար պետք է հանգենք փոխհամաձայնեցված տարբերակի, լսենք բոլորին»,- ասել է Շարմազանովը։

Հայաստանի քաղաքական իշխանությունը, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով, կամք ունի երկրում մեկընդմիշտ լուծելու ընտրական գործընթացների հետ կապված խնդիրները: Այսօր հրավիրած ասուլիսում Շարմազանովը նաեւ կարեւոր է համարել ընտրական նոր օրենսգրքի շուրջ սպասվող քննարկումները։

«Դրա համար պետք է հանգենք փոխհամաձայնեցված տարբերակի, լսենք բոլորին»,- ասել է նա:

Շարմազանովը նաեւ խորհուրդ է տվել ընդդիմությանը ոչ թե պահանջներ ներկայացնել, այլ առաջարկներ։

«Կատեգորիկ խոսքը քաղաքական լեզուն չէ, պետք է գնալ փոխզիջումների տարբերակին»,- ասել է հանրապետական կուսակցության ներկայացուցիչը, վստահեցնելով, որ օրենսգրքի վերջնական տարբերակը ձեւավորվելու է բոլոր քաղաքական ուժերի եւ հանրային քննարկումների արդյունքում:

«Ընտրական նոր օրենսգիրքը ո՛չ վերարտադրության եւ ո՛չ էլ ձեւական՝ ֆասադային փոփոխությունների համար է։ Նպատակն է՝ հանրության մոտ բարձրացնել վստահության մակարդակը: Ո՞վ է ասել, որ ՀՀԿ-ն ամենախելացին է եւ քննարկման ենթակա հարցեր չկան։

Ինչ վերաբերում է ընդդիմության մեղադրանքներին, որ փաստաթուղթը կուլիսներում է քննարկվել, ասեմ, որ ինքս էլ ծանոթ չեմ եղել փաստաթղթին, երբ այն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով։ Որեւէ փաստաթուղթ պետք է քննարկվի մասնագիտական-փորձագիտական խմբի հետ, այնուհետեւ ներկայացվի հանրությանը։ Կազմակերպվելու են նաեւ լսումներ, այնպես որ, դժգոհությունների առիթ չկա»,- նշել է Շարմազանովը։

*

*