Ընդդիմությունը նոր երաշխիքներ է ուզում ամրագրել ԸՕ-ում

Խորհրդարանի ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր հավաստիացրել են, որ պատրաստ են լսել...

Խորհրդարանի Հանրապետական եւ Դաշնակցություն խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր հավաստիացրել են, որ պատրաստ են լսել բոլոր կառուցողական առաջարկները ընտրական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ։

Խորհրդարանի Դաշնակցության խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով, նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժերի շահերից է բխում առաջիկա քննարկումներին առաջարկներով հանդես գալը։ Խորհրդարանական քննարկումները կարեւոր են նաեւ ԲՀԿ-ի համար՝ առաջարկություններ արդեն ունեն մշակած։

Ընտության գործընթացն ամբողջությամբ էլեկտրոնային դարձնելու համակարգ ներդնելու հարցում ՀՀԿ-ում լուրջ տարակարծություններ չկան եւ չեն եղել։  ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հերքում է հրապարակումները, որոնց համաձայն, քննարկումների նախնական փուլում միջկուսակցական լուրջ բախումներ են եղել ընտրություններն ամբողջությամբ եւ մասամբ էլեկտրոնային դարձնելու հարցի հետ կապված։

Եվրոպացի մասնագետների հետ հանդիպումներում է խոսվել է ամբողջությամբ էլեկտրոնային ընտրական համակարգի անցնելու թերությունների մասին։

«Մասնագետներն ասում էին, որ անցումն ամբողջական համակարգին շատ երկրներում չի նպաստել ընտրությունների նկատմամբ վստահության բարձրացմանը, եւ հետագայում շատերը հրաժարվել են դրանից»,- ասաց Մելիքյանը։

Ընտրողների գրանցումը էլեկտրոնային համակարգով ընտրական նոր օրենսգրքի նախագծում ամրապնդելը, ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի կարծիքով, չի լուծում ընտրությունների նկատմամբ վստահության բարձրացման հարցը։ Պատգամավորը հավելյալ երաշխիքներ է ուզում ամրագրել։

«Կարծում եմ, իշխանություններն այնպես են ուզում անել, որ գոնե ընտրության օրվա նկատմամբ առարկություններ քիչ լինեն։ Բայց դա նշանակում է, որ որոշ խախտումներ կարող են տեղափոխվել այլ փուլ։ Նույն այդ ընտրակաշառքները, որոնք շատ հավանական են։ Իհարկե, չեմ ուզում պնդել, որ դրանք լինելու են, բայց այդ տեսակի խախտումների նկատմամբ վստահության բարձրացման մեխանիզմներ չկան»,- ասաց Մելքումյանը։

«Համակարծիք չեմ մեր ընդդիմադիր գործընկերների այն հայտարարություններին, որ ընտրակաշառքը լուրջ ազդեցություն է ունենում քվեարկության ընթացքի վրա։ Որովհետեւ միշտ չէ, որ տրված խոստումն իրականացվում է»,- ասաց Գագիկ Մելիքյանը։

 

Հանրապետականի հետ համատեղ փաստաթուղթ են մշակել, բայց այն դեռ լիարժեք չէ. ՀՅԴ խմբակցությունը նույնպես առաջարկներով է հանդես գալու։

«Դրանցից մեկը բազմակի քվեարկություննները կանխելուն է միտված։ Երկու ճանապարհ կա։ Մեկը՝ ընտրողների մասնակցության ավտոմատացումն է, երկրորդը՝ ցուցակների հրապարակումը։ Այսօր ցուցակների հրապարակման հետ կապված կա մեկ գլխավոր խոչընդոտ, դա սահմանադրական դատարանի որոշումն է, որն, ըստ էության, արգելք է դրել դրա վրա։ Այդ դեպքում մատյանների հասանելիության հարցը պետք է քննարկել»,- ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

*

*