Ընդդիմության փոքրիկ նավակն ու դրա բացակա թիավարները

Արդյո՞ք մարդիկ ինքնուրույն պետք է ոտքի կանգնեն և ինքնաբուխ գործուղվեն Ազատության հրապարակ
elq լnikol

Վերջին օրերի քաղաքական շահարկումների գլխավոր թեման դեռ նախագահի լիազորություններն իրականացնող Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում հավանական առաջադրումն է, որն էլ դարձել է ընդդիմությունը ներկայացնող «Ելք» դաշինքի քաղաքական պայքարի կռվաններից մեկը: Ինչպես վերջերս այդ թեմայով լրագրողների հարցին արձագանքեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ «ֆիլմի ավարտը բոլորս գիտենք, բայց մինչև վերջ նայում ենք»՝ ակնարկելով Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ակնհայտ հավանականությունը: Բայց ընդդիմադիր «Ելք»-ը, վկայակոչելով մինչև սահմանադրական փոփոխությունները նախագահի արած այն արտահայտությունները, որ ինքն այլևս նախագահի կամ վարչապետի պաշտոնին չի հավակնելու, և որ քաղաքական գործիչը չպետք է Հայաստանում հավակնի երկուսից ավելի անգամ պետության կառավարման ղեկը ստանձնելուն, քաղաքական գործընթացները փորձում է տեղափոխել հենց այս դաշտ: Փաստացի՝ պահանջը հստակ է՝ եթե Սերժ Սարգսյանը պաշտոնապես նման հայտարարություն է արել, ապա պետք է հավատարիմ մնա դրա տառին ու ոգուն և չգնա իր պաշտոնավարման երրորդ ժամկետին:

Պետք է մեկ պարզ ու հասարակ ճշմարտություն ընդունենք՝ քաղաքականության մեջ արված հայտարարություններն ու տրված խոստումները միշտ չէ, որ իրենցից համանման քաղաքական հետևանքներ են ենթադրում, և միշտ էլ հնարավոր է հիմնավորումներ ներկայացնել այս կամ այն քաղաքական քայլին ու հայտարարությանը չհամապատասխանող գործողությունների համար: Ի վերջո՝ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է: Այս պարագայում՝ գործող նախագահին վարչապետի պաշտոնում առաջադրելը կարող է շատ պարզ ու հստակ հիմնավորում ստանալ առ այն, որ ժողովրդի վստահության քվեն ընտրություններում ստացած քաղաքական ուժը բոլոր լիազորություններն ունի կուսակցական որոշման դեպքում այդ պաշտոնում առաջադրել անգամ Սերժ Սարգսյանին՝ չնայած նրա արած հայտարարությանը, կուսակցությունը այս հարցում որոշում կայացնելու լիազորությունը ընտրություննների արդյունքներով է ստացել:  Բացի դա՝ կուսակցությունն է թեկնածու առաջադրում, և ցանկացած կուսակցական պետք է ընդունի կուսակցական մեծամասնության կայացրած որոշումը, իսկ իշխող քաղաքական ուժը պատահական որոշումներ չի կայացնում: Բացի այդ՝ միգուցե այս տարիներին ընթացքում ներքին ու հատկապես արտաքին քաղաքական իրավիճա՞կ է փոխվել, ինչը իշխող ուժին ստիպում է կանգ առնել հենց նրա թեկնածության վրա:

Բայց սա էլ դեռ մի կողմ: Առավել խնդրահարույց է այն, որ ընդդիմադիր «Ելք»-ը, պահանջելով նախագահից՝ խոստումը պահել ու վարչապետի աթոռին չհավակնել, հարց է առաջացնում՝ եթե ոչ Սերժ Սարգսյանը, ապա ո՞վ է «Ելք»-ի համար վարչապետի «ընդունելի» թեկնածուն: Բնականաբար՝ այսպես թե այնպես առկա քաղաքական դասավորության պայմաններում միայն իշխող կոալիցիային է վերապահված վարչապետի թեկնածու առաջադրելու կարողությունը, ինչի հետ պետք է հաշվի նստել։  Եթե անգամ պատկերացնենք, որ գործող նախագահը չի առաջադրվում այդ պաշտոնում, այդ պարագայում Հանրապետական կուսակցությունից այլ թեկնածուն ընդունելի կլինի՞ «Ելք»-ի համար: Եթե ոչ, ապա սա հակասում է տեղի ունեցող քաղաքական գործընթացների և դրանցում «Ելք»-ի ներգրավված լինելու տրամաբանությանը, քանի որ չես կարող քաղաքական իրավիճակը փաստացի ճանաչելով ու դրա մեջ ներգրավվելով հանդերձ՝ միաժամանակ մերժել և դեմ գնալ դրանից իսկ բխող զարգացումներին: Եթե այո, ապա ստացվում է, որ ընդդիմադիր բևեռի պայքարի ողջ հենքը կոնկրետ անձի բացառման ու նրա կողմից արված հայտարարությունների իրագործման շրջանակներում է:

Սա հարցի մի կողմն է թերևս: Մյուսը կայանում է նրանում, որ քաղաքական այսպիսի իրականության պայմաններում խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժին այլ բան չի մնում, քան հնարավոր բոլոր ձևերով արձագանքել տեղի ունեցող զարգացումներին և ընդդիմադիր գործունեության սկզբունքից ելնելով՝ ֆունկցիոնալություն պահպանել: Վերջին օրերին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ հայտարարություններով  հաստատեց, որ եթե հանրային պահանջ ու դիմադրություն լինի, ինքը կդառնա այդ պահանջի իրականացման երաշխավորը: Թեև «Ելքը» դեռ  քննարկումների փուլում է և որոշում չի կայացրել առաջիկա անելիքների շուրջ, խիստ կասկածելի է, որ Սերժ Սարսգյանի՝ վարչապետ դառնալու դեմ հանրային դիմադրություն կառաջանա, քանի որ իշխող քաղաքական ուժի, նրա ղեկավարի հանդեպ հանրության ունեցած վերաբերմունքը դե յուրե և դե ֆակտո արձանագրված է խոհրդարանական ընտրությունների արդյունքում, ինչից ելնելով էլ տեղի են ունենում մեր ներքաղաքական կյանքի բոլոր զարգացումները:  Լրիվ այլ հարց է, թե ինչպես են քաղաքացիները ձայն տվել իշխող ուժին՝ ազատ կամարտահայտմա՞ն, թե՞ ընտրակաշառքների շնորհիվ, սակայն փաստերն արձանագրելու դեպքում ակնհայտ է դառնում, որ Հանրապետական կուսակցությանը իշխանության ղեկին պահած հանրությունը դուրս չի գալու փողոց և պահանջի Սերժ Սարգսյանից՝ հրաժարվել վարչապետի դառնալու հավակնություններից, եթե այդպիսիք կան:

Եթե անգամ պատկերացնենք, որ նման հանրային դժգոհություններ կառաջանան, ապա հարց է առաջանում, թե ինչպես պետք է նախ և առաջ ընդդիմացող հանրությունը մոբիլիզացվի, և դրա պարագայում՝ ինչպես պետք է զարգանան հետագա իրադարձությունները դրական արդյունքի հասնելու նպատակով: Արդյո՞ք մարդիկ ինքնուրույն պետք է ոտքի կանգնեն և ինքնաբուխ գործուղվեն Ազատության հրապարակ, թե՞ ընդդիմադիր ուժը պետք է կարողանա իր զինանոցում առկա միջոցներով մարդկանց փողոցային պայքարի դուրս բերել: Եվ հենց այստեղ է, որ հասնում ենք շատ էական մի հանգրվանի՝ խնդիրների բնույթը, ուղղվածությունն ու մասշտաբներն են վճռորոշ ազդեցություն ունենում հանրության ընդվզման կամ կոմֆորմիզմի դաշտում մնալու հարցում: Երբ 3 տարի առաջ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ընդվզեց ու փողոց դուրս եկավ մարդկանց մի զգալի հատված, ընդ որում՝ սեռատարիքային լայն բազմազանությամբ, դա պայմանավորված էր նրանով, որ սակագնի բարձրացումը հարվածում էր բոլորի ֆինանսական ու առօրյա-կենցաղային շահերին, որի պարագայում քաղաքական հայացքներն ու կողմնորոշումները, այս կամ այն կուսակցության հանդեպ ունեցած վերաբերմունքն ու պատկերացումներն ու աշխարհայացքային այլ ընկալումները երկրորդ պլան են մղվում: Երբ սրան ավելացնում ենք, որ իշխանությանը անխնա հայհոյող ու «երկիրը երկիր չի» ասող հանրության լայն շերտեր ընտրություններին ձայն են տվել հենց նույն իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժին, ապա ժողովրդական ընդվզումը որպես այդպիսին որևէ բանականության ու տրամաբանության մեջ չի կարող տեղավորվել:

Թերևս վերջում ուշադրություն դարձնենք նաև այն հետաքրքրական փաստին, որ ընտրությունների ժամանակ  «Ելք»-ին ձայն տված 120.000-անոց ընտրազանգվածը, կարծես թե, ընդդիմադիր այս ուժին իր աջակցությունը փողոցային պայքարի դեպքում չի ցուցաբերում. ընդդեմ թանկացումների «Ելք»-ի կազմակերպած վերջին երթերը վկա: Իսկ եթե այդ շատ զգայուն՝ բոլորի շահերին անդրադարձող այդ հարցը չստիպեց մարդկանց հեղեղել փողոցները, ապա դժվար է պատկերացնել, որ մարդիկ դրան կդիմեն՝ վարչապետի անձի շուրջ ցանկացած քաղաքական ուժի տարաձայնության պատճառով։

 

Հեղինակ՝

Հայկ Սահակյան

*

*