Բագրատ Եսայան. «Եթե Հայաստանում կա քաղաքական ուժ, դա ՀՅԴ-ն է»

Խոստում տվողներն էլ չեն գիտակցում, որ արդեն ապրում են խորհրդարանական կառավարման համակարգում...
bagrat-esayan

Yerkir.am— Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ անդամ, ռեյտինգային ցուցակով Կենտրոն վարչական շրջանում առաջադրված թեկնածու Բագրատ Եսայանն անդրադարձավ քարոզարշավին:

Ըստ Եսայանի, կուսակցությունները քարոզարշավի ներկայանում են իրենց ուժերի ներածին չափով, որոշ տեղերում հանդիումները կարող են լինել ավել կամ պակաս մարդաշատ: Հարցին, թե ինչո՞ւ պետք է ընտրեն Դաշնակցությանը, Բագրատ Եսայանը պատասխանեց.

«Եթե Հայաստանում կա քաղաքական ուժ, դա ՀՅԴ-ն է: Ուրախ եմ, որ Դաշնակցության գաղափարները ժամանակի ընթացքում իրագործվում են, թեև ՀՅԴ-ն չունի մեծամասնություն խորհրդարանում: Եվ ես հույս ունեմ, որ այս անգամ ժողովուրդը իր ձայնը կտա Դաշնակցությանը, որովհետև  այսօրվա քաղաքական  իրականության մեջ չկա մի գաղափար,  որը Դաշնակցությունը իրականացրած չլինի, այնէ` ընտրացուցակների հրապարակում,  սահմանադրական փոփոխություններ, խորհրդարանական կառավարում: Որքան էլ հարգեմ անհատներին, նրանք  չեն կարող շատ բան որոշել խորհրդարանական կառավարման համակարգում: Այդ առումով որոշ անհատներ ասես հետ են մնացել այսօրվա իրականությունից, որովհետև այսօր ընտրությունը պետք է կատարվի քաղաքական թիմերի ու ծրագրերի միջև»:

Ըստ Բագրատ Եսայանի, ՀՅԴ-ն մեկ օրվա քաղաքական ուժ չէ, այն գոյություն ունի երեք դարերի մեջ, ուստի այն չի կարող կարճաժամկետ նպատակներդնել: ՀՅԴ-ն քաղաքական ուժ է,  որը պատասխանատվություն է կրում ասածների համար, չէ՞ որ հինգ տարի հետո Դաշնակցությունը չի վերանալու, և պետք է պատասխան տա խոստումների համար:

Բագրատ Եսայանն օրինակ բերեց մի դրվագ Վահան Հովհաննյիսյանի կյանքից, երբ նա գտնվում էր բանտում: Նրան այդ ժամանակ համագործակցության տարբեր առաջարկներ են արել, քաղաքականությունից հեռանալու առաջարկ են արել, սակայն Վահան Հովհաննիսյանը չի համաձայնել, ասելով.

«Եթե ես մենակ լինեի,  ոչ մի կուսակցություն չներկայացնեի, կարող է մտածեի այդ առաջարկների կամ համագործակցության մասին: Բայց որ 105 տարվա կուսակցություն եմ ներկայացնում ու դատում են այդ կուսակցությանը, ի դեմս ինձ, ապա ես  պատասխանատվություն եմ կրում»:

Բագրատ Եսայանի խոսքով` խոստում տվողներն էլ չեն գիտակցում մինչև վերջ, որ արդեն ապրում են խորհրդարանական կառավարման համակարգում, երբ ամեն տարի պետք է հաշվետվություն ներկայացնեն ու բացատրեն, թե ինչո՞ւ չկատարեցին այս կամ այն խոստումը:

Ըստ Եսայանի, չպետք է կրկնվեն այնպիսի իրավիճակներ, երբ քաղաքական կուսակցությունը, օրինակ` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգություն»-ը մասնատվում են տարբեր մասերի, և ժողովուրդը վերջում չի հասկանում՝ ումից ինչ պահանջի:

«Ժողովուրդը պետք է ընտրի քաղաքական կայուն ուժի, որ հետո էլ կարողանա նրանցից  պահանջել, մասնատված ուժերի դեպքում ումի՞ց պահանջի ժողովուրդը: Երբ նախագահական համակարգ էր, էլի մեղադրանքները նույն էին,  թե փող են բաժանում, դարձանք կիսանախագահական, հետո` խորհրդարանական, էլի ասում են,թե փող են բաժանում: Ասես հին ռելսերից չենք իջնում:  Ոչ թե անձին պետք է ընտրել, այլ քաղաքական կայուն ուժին, նրանց ծրագրերը:  Կոչ եմ անում ընտրել քաղաքական  թիմին` որևէ թեկնածուի ընտրելիս, հասկացեք, այդ անձն ինչ ուժ է ներկայացնում, արդյո՞ք անհատի շուրջ հավաքված թեկնածուներ են, որ երբ այդ անհատը չլինի, այդ թեկնածուները կդավաճանեն այդ ուժին, թե ոչ»,- ասաց Բագրատ Եսայանը:

*

*