Մեր նպատակն է` Երևանը դարձնել համահայկական մայրաքաղաք. ՀՅԴ-ականներն Աջափնյակում էին

Քարոզարշավի ընթացքում Երևանում կլինեն արտասահամանի տարբեր քաղաքներից ժամանած դաշնակցական քաղաքապետերը:
ajapnyak

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում սեպտեմբերի 11-ին ՀՅԴ թեկնածուները հանդիպել են Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ, ներկայացրել իրենց ծրագիրը:

ՀՅԴ կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց նպատակն է Երևանը դարձնել համահայկական մայրաքաղաք: «Մենք պատկերացնում ենք, թե ինչպես պետք է դա անենք: Մենք կարողանում ենք մոբիլիզացնել մեր ուժերը սահմանամերձ բնակավայրերի համար, կարող ենք դա անել նաև Երևանի համար»,- ասաց նա:

Մանուկյանի խոսքով՝ սփյուռքում ՀՅԴ կառույցները գործընկերային հարաբերություններ ունեն իրենց շրջանի քաղաքապետերի, ավագանիների հետ: «Ունենք ռեսուրս թե փորձի փոխանակում, և թե ֆինանսական աջակցություն ստանալու: Մենք կարող ենք իսկապես համայն հայությանը կապել Երևանի հետ, Երևանի հոգսերով զբաղվելու հնարավորություն պետք է ունենա համայն հայությունը»,- նշեց նա:

Մանուկյանը նշեց, որ քարոզարշավի ընթացքում Երևանում կլինեն արտասահամանի տարբեր քաղաքներից ժամանած դաշնակցական  քաղաքապետերը:

ՀՅԴ ցուցակով ավագանու անդամ Խաչատուր Ստեփանյանն էլ դիմելով բնակիչներին՝ նշեց, որ իրենք ցանկանում են Երևանում մտցնել ավելի լավ կառավարում: «Մեր թիմով խոստանում ենք, որ մեր առաջադրած սկզբունքներով փորձելու ենք դարձնել Երևանն ավելի բարեկարգ, ավելի գեղեցիկ, ավելի անվտանգ, ավելի  գրավիչ քաղաք՝ ոչ միայն երևանցիների, այլև Երևան այցելող հյուրերի համար»,-շեշտեց նա:

Ստեփանյանը ևս նշեց, որ առաջարկում են Երևանը համահայկական մայրաքաղաք հռչակելու սկզբունք և որ իրենց աշխարհասփյուռ կառույցի շնորհիվ առաջարկելու են, որ Երևանն ունենա այն բոլոր պայմանները, որոնք հարիր են քաղաքակիրթ մայրաքաղաքներին: «Մեր երիտասարդ, պրոֆեսիոնալ թիմն ի զորու է ձեր վստահության քվեն ստանալուց հետո իրագործել իր բոլոր ծրագրերը:  Կոչ ենք անում անպայման մասնակցել ավագանու ընտրություններին և քվեարկել խղճի մտոք»,- եզրափակեց նա:

Այնուհետև ՀՅԴ-ականները զրուցեցին քաղաքացիների հետ, ծանոթացան համայնքի խնդիրներին:

*

*