Որպեսզի ԱԺ խմբակցությունը յուրաքանչյուր հանձնաժողովում ունենա առնվազն մեկ պատգամավոր…

Հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը
armen-rustamyan-15092017

ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ԱԺ ՀՅԴ խմբակցության կողմից հեղինակված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով` նախագծի նպատակն այն է, որ խմբակցությունը յուրաքանչյուր հանձնաժողովում ունենա առնվազն մեկ պատգամավոր ներկայացնելու իրավունք, տեղեկացնում է yerkir.am-ը։

«Եթե խմբակցության անդամների ընդհանուր թիվը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունն իրավունք ունի իր անդամին ներկայացնելու մեկից ավելի մշտական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար: Այդ դեպքում խմբակցությունը յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում կարող է ունենալ ոչ ավելի, քան մեկ պատգամավոր, իսկ նույն պատգամավորը կարող է լինել ոչ ավելի, քան երեք մշտական հանձնաժողովի անդամ»,- ասաց պատգամավորը:

Ըստ Ռուստամյանի՝ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ խորհրդարանում ներկայացված խմբակցությունների անդամների թիվը կարող է բավարար չլինել բոլոր հանձնաժողովներում ներկայացվածություն ապահովելու համար: Իսկ որպեսզի խմբակցություններն իրենց վերապահված պարտականությունները պատշաճ կերպով իրականացնեն, անհրաժեշտ է, որ ներգրավված լինեն բոլոր մշտական հանձնաժողովների աշխատանքներում:

«Սակայն «Ազգային ժողովի կանոնակարգ» գործող սահմանադրական օրենքը սահմանափակում է այդ հնարավորությունը, քանի որ փոքրաթիվ խմբակցությունները, հինգ մշտական հանձնաժողովից ավելի լինելու դեպքում, չեն կարող բոլոր հանձնաժողովներում ներգրավվածություն ունենալ»,- ասաց նա:

Քննակումներից հետո ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն առաջարկեց լրամշակել նախագիծը եւ կրկին ներկայացնել։

*

*