Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են Իսպանիայի եւ Չեխիայի վարչապետները

«Վերջին իրադարձությունները հայ ժողովրդի ուժեղ ժողովրդավարական ոգու վկայությունն են»
nikol-pashinyan-varchapet-nist2

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը:

«Կառավարության և անձամբ իմ անունից ցանկանում եմ իմ ամենաանկեղծ շնորհավորանքը հղել Ձեզ՝ Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Հավատում եմ, որ Ձեր պաշտոնավարման շրջանակներում Իսպանիան և Հայաստանը կշարունակեն սերտացնել մեր երկու ժողովուրդների միջև առկա լավ և բարիդրացիական հարաբերությունները փոխըմբռնման և համագործակցության նույն ոգով:

Կարող եք վստահ լինել, պարոն վարչապետ, որ հանձին Իսպանիայի Դուք ունեք Հայաստանի և Եվրամիության միջև կապերի ամրապնդման հաստատակամ համախոհ»,-ասված է Իսպանիայի կառավարության նախագահի շնորհավորական ուղերձում:

Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը՝ մաղթելով ամենայն հաջողություն նրա պատասխանատու գործում:

«Ընդունեք, խնդրեմ, իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Վերջին իրադարձությունները հայ ժողովրդի ուժեղ ժողովրդավարական ոգու վկայությունն են: Ես համոզված եմ, որ չնայած ընթացիկ բազմաթիվ մարտահրավերներին, Ձեր պաշտոնավարումը որպես վարչապետ կնպաստի երկրի խաղաղ և ազատ զարգացմանը:

Ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, որ Չեխիայի Հանրապետությունը պատրաստակամ է աջակցելու Հայաստանում ժողովրդավարական սկզբունքների և ինստիտուտների ամրապնդմանն ուղղված Ձեր բոլոր ջանքերին և սատարելու Ձեզ բարեփոխումների գործընթացում: Մենք հատկապես ակնկալում ենք համագործակցել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կյանքի կոչման շրջանակներում»,-ասված է Չեխիայի վարչապետի շնորհավորական ուղերձում:

*

*