Ժողովրդի կողմից աջակցության դեպքում՝ կառաջադրվեմ Արցախի նախագահի թեկնածու․ Վիտալի Բալասանյան

Նա հայտարարել է քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու մասին:
vitali-balasanyan

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարել է 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու նպատակով քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու մասին: Վիտալի Բալասանյանն այդ մասին հայտնել է «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում:

«Առաջիկա օրերին պատրաստվում եմ հանդիպումներ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ակտիվ անհատների հետ, ինչպես նաև այցելել համայնքներ և հանդիպել մեր քաղաքացիների հետ՝ նրանց հետ քննարկելու 2020թ.-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին՝ որպես նախագահի թեկնածու իմ առաջադրվելու նպատակահարմարությունը: Ես արդեն հայտարարել եմ, որ առաջադրվելու դեպքում պետք է ունենամ ժողովրդի լայն հավանությունը, ուստի տրամաբանական եմ համարում նախևառաջ հանրային այսօրինակ քննարկումների ծավալումը»,- ասել է Բալասանյանը:

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ մասնակցելով 2012թ.-ին նախագահական, ապա և 2015թ.-ին խորհրդարանական ընտրություններին՝ ինքը ներկայացրել է երկրի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական և անվտանգությանը վերաբերող բազմաթիվ ծրագրեր, որոնց մի մասն այսօր էլ կենսական ու հրատապ են:

«Հանրային քննարկումների ընթացքում կներկայացնեմ ինչպես այդ, այնպես էլ նոր ծրագրեր ու գաղափարներ: Ժողովրդի կողմից կլինի՞ լայն հավանություն և աջակցություն, ուրեմն, անկասկած, կառաջադրվեմ ու կպայքարեմ նախագահական մրցապայքարում»,- իր խոսքը եզրափակել է Վիտալի Բալասանյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները