«Մենք Հունաստանի հետ փոխգործակցության հարուստ ավանդույթներ ունենք». Վիգեն Սարգսյան

«Մեր զինված ուժերի մոտ 170 սպա իրենց ուսումը ստացել են Հունաստանի լավագույն ռազմակրթական հաստատություններում...»
vigen-sargsyan

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծում է, որ 2016թ. դեկտեմբերին Աթենքում Հունաստանի պաշտպանական գերատեսչության հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն արդյունավետ իրականացվում են:

ՀՀ պաշտպանության նախարարը նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մենք ամեն տարի ընդլայնում ենք մեր ռազմական փոխգործակցության ծրագիրը, և բոլոր միջոցառումները, լիարժեք կատարվելով, հնարավորություն են տալիս ամրապնդել փայլուն ավանդույթները, որ գոյություն ունեն մեր երկրների միջև փոխգործակցության առումով»,-նշեց Վիգեն Սարգսյանը:

Նա հավելեց, որ Հունաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ փաստել են երկու երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները և վերահաստատել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերում ընդհանուր մոտեցումները:

«Ես ցանկանում եմ նշել, որ մենք Հունաստանի հետ փոխգործակցության հարուստ ավանդույթներ ունենք: Մեր զինված ուժերի մոտ 170 սպա իրենց ուսումը ստացել են Հունաստանի լավագույն ռազմակրթական հաստատություններում և այսօր զբաղեցնում են ամենատարբեր բարձր պաշտոններ հայկական զինված ուժերում՝ իրենց ծառայությունը բերելով մեր երկրի անվտանգության ապահովմանը, մեր սահմանների պաշտպանությանը և բնական կամուրջ հանդիսանալով երկու ժողովուրդների և երկու երկրների զինված ուժերի միջև»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը:

*

*