«Դա հնարավոր է միմիայն արտակարգ դրության ռեժիմի պարագայում». Վիգեն Սարգսյան

Հուսանք դա տարիներ շարունակ պետք չի լինի մեր երկրում
usanogh-dasadul-liq@

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ մարտի 1-ից դասեր չքաղելու վերաբերյալ հայտարարությունը որևէ կերպ չի կարող և չպետք է դիտվի որպես սպառնալիք: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Դա դիտվում է որպես նախազգուշացում նրա, որ նման ցանկացած իրադարձություն կարող է բերել լարվածության և էսկալացիայի, որը որևէ մեկին անհրաժեշտ չէ: Կարծում եմ, որ բուն բանակցությունների փաստը, չնայած բոլոր ձևաչափերին, որոնք ակնհայտորեն միտված էին նրան, որ բանակցությունները չկայանան՝ սկսած դրանք մամուլի դիմաց, «Մարիոթ» հյուրանոցում անցկացնելուց, մինչդեռ կան համապատասխան պետական կառույցներ, շենքեր և այլն: Սակայն փաստը, որ հանդիպումը կայացավ, դա ինքն իրենով ցույց է տալիս վարչապետի, կառավարության տրամադրվածությունը՝ տանելու այդ երկխոսությունը»,- ասաց պաշտպանության նախարարը:

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք հնարավոր է անհնազանդության ալիքը ճնշելու համար երկրի զինված ուժերի ներգրավումը՝ Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Դուք և մեր հասարակությունը պետք է վստահ լինեք, որ մեր օրենսդրությունը շատ մանրամասն կարգավորում է այն եզրագիծը, թե որտեղ և ինչպես կարող են զինված ուժերը ներգրավվել նման իրավիճակների ժամանակ: Դա հնարավոր է միմիայն արտակարգ դրության ռեժիմի պարագայում և շատ հստակ առանձին գործառույթներ կատարելու համար՝ որպես լրացուցիչ ուժի օգտագործման ձև, բայց ոչ ֆիզիկական ուժի, այլ ուժի, որն անհրաժեշտ է պահպանելու համար համապատասխան ռեժիմի պայմանները»:

Նախարարն ընդգծեց, որ թե իր, թե բոլոր հայրենակիցների ակնկալիքն է, որ արտակարգ դրության ռեժիմի կարիքը չլինի ոչ հիմա, ոչ էլ հետագայում: «Հուսանք դա տարիներ շարունակ պետք չի լինի մեր երկրում: Բայց օրենսդրությունը դրա համար է գրվում, գրվում է այն ժամանակ, երբ հանգիստ վիճակ է, որ լարված վիճակում ունենաս համապատասխան ընթացակարգեր»,- ասաց Սարգսյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները