Նախարարը դեմ է չծառայելու համար սահմանված վճարով քրեական պատասխանատվությունից ազատվելուն

Մի քանի ամիս առաջ մարդկանց հերթական խումբը ստացել է նման տարեկետում, բայց հարցը կքննարկվի։
vigen-aj

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեմ է, որ զինվորական ծառայություն չանցած անձինք օրենքով սահմանված վճարի դիմաց ազատվեն քրեական պատասխանատվությունից:

ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանի խոսքով՝ երեք զորակոչ օրենքը չի գործել: Պատգամավորն ասում է՝ եթե գործի, կնպաստի ներգաղթին, նախարարը պնդում է՝ կմեծացնի զինվորական ծառայությունից խուսափողների թիվը:

Օրենքը ընդունվել է 2003 թվականին, գործունեության ժամկետը մի քանի անգամ երկարացվել է:

«Ես հարգում եմ օրենքը, գիտեմ, որ այս պահին այն ուժի մեջ է: Միջոցները, որ ստացվում են այս խողովակով, հստակ եւ թափանցիկ երեւում են: Մեծ գումարներ չեն ռազմական խնդիրներ լուծելու համար: Այս պահին օրենքն ուժի մեջ է, մենք դա երկարացնում ենք, երբ լրանում է դրա կիրարկման  ժամկետը: Մի քանի ամիս առաջ մարդկանց հերթական խումբը ստացել է նման տարեկետում»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց նախարարը:

Հարցին՝ շարունակելո՞ւ է գործել օրենքը, Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ հարցը կքննարկեն կառավարությունում, կզեկուցեն հանրապետության Նախագահին, և, եթե դադարել է օրենքի գործողությունը ու լինի համապատասխան քաղաքական որոշում, կներկայացնեն երկարացնելու միջնորդություն:

«Երկարացվելո՞ւ է այս օրենքի գործունեության ժամկետը, կուսումնասիրենք, կտեսնենք: Եթե լինի քաղաքական որոշում, կերկարացնենք: Բայց ես դեմ եմ, որովհետեւ դա խթանում է այն մարդկանց մղումները, ովքեր մտածում են երկրից դուրս գալու մասին»,- ասաց Սարգսյանը։

 

*

*