Վենետիկի հանձնաժողովի նախագահը հայտարարություն է տարածել Հայաստանի ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ

Հանձնաժողովն ընդունում և աջակցում է խաղաղ ձևաչափը․․․
jianni-buqiqio

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել Հայաստանի ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ: Հայտարարության մեջ ասվում է.

«Վենետիկի հանձնաժողովի և Հայաստանի առաջին փոխվարչապետի միջև 116-րդ նստաշրջանում կայացած քննարկումների արդյունքում հանձնաժողովն ընդունում և աջակցում է խաղաղ ձևաչափը, որով հայ ժողովուրդն իրականացնում է փոփոխությունները:

Ճանաչում է Հայաստանում տիրող առանձնահատուկ իրավիճակը, որը պահանջում է վաղ ընտրությունների անցկացում:

Ողջունում է Հայաստանի իշխանությունների՝ Ընտրական օրենսգիրքը վերանայելիս միջազգային ստանդարտներին հետևելու հանձնառությունը:

Նկատում է, որ առաջարկված փոփոխությունները լեգիտիմ նպատակներ են հետապնդում և դրական են թվում:

Մասնավորապես ողջունում է այն բոլոր քայլերը, որոնք ձեռնարկվում են ընտրելու իրավունքը դյուրացնելու, մամուլի հասանելիությունն ընդլայնելու, ընտրական գործընթացի առավել թափանցիկությունն ու դիտորդների իրավունքներն ապահովելու և ընտրական կեղծիքի դեմ պայքարելու համար:

Ողջունում է ընտրությունների առաջին փուլից հետո կոալիցիաներ կազմելու մասնակիցների թվի սահմանափակման վերացումը՝ ըստ Վենետիկի հանձնաժողովի և Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի առաջարկությունների:

Ողջունում է Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի այլ առաջարկությունների կիրառումը, որը ենթադրում է.

-ընտրական շեմի և ընտրական գրավի վերադարձման նվազեցում, ընտրական գրավի գումարի նվազեցում,

— դիտորդների ու մամուլի ներկայացուցիչների հավատարմագրման վերջնաժամկետների նվազեցում, ինչպես նաև դիտորդների աշխատանքի խոչընդոտների  վերացում,

— զինված ուժերում ազատ քվեարկության ապահովման երաշխիքներ։

Հիշեցնում է Վենետիկի հանձնաժողովի վերապահումները՝ կապված ընտրական համակարգում խոշոր փոփոխությունների հետ, ինչպիսիք են ռեյտինգային ցուցակների վերացումը ընտրություններին նախորդող 1 տարվա ընթացքում։

Նշում է, որ այս վերապահումները պակաս կարևոր են, եթե քաղաքական ուժերի միջև առկա է կոնսենսուս փոփոխությունների վերաբերյալ»։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները