Վենեսուելայի դեպքերը որեւէ նմանություն չունեն Հայաստանում տեղի ունեցածի հետ․ Փաշինյան

Հայաստանը շարունակում է հետևել Վենեսուելայում իրադարձությունների զարգացմանը:
venesuela

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձություններին: Մոսկվայում լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ Հայաստանը շարունակում է հետևել Վենեսուելայում իրադարձությունների զարգացմանը: «Առաջին հերթին հարկավոր է հասկանալ այդ իրադարձությունների կապը Վենեսուելայի Սահմանադրության հետ, բայց ամեն դեպքում, ես կարծում եմ, որ կարևոր դեր պետք է խաղա Վենեսուելայի ժողովրդի դիրքորոշումը: Այսինքն, յուրաքանչյուր որոշում առաջին հերթին պետք է ընդունելի լինի Վենեսուելայի ժողովրդի համար»,-  ասաց ՀՀ վարչապետը:

Անդրադառնալով հարցին՝ չի՞ կարծում, որ Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները որոշակիորեն ասոցացվում են Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետ՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Փաստացի ոչ մի ասոցիացիա չի կարող լինել, որովհետև մեզ մոտ ոչ մի բախում չի եղել, մեզ մոտ զոհեր չեն եղել, իսկ Վենեսուելայում, ցավոք, զոհեր կան: Երկրորդ՝ ողջ գործընթացը, որ տեղի ունեցավ Հայաստանում, ամբողջությամբ համապատասխանում էր Հայաստանի օրենքներին և Սահմանադրությանը, իսկ այն, ինչ տեղի է ունենում Վենեսուելայում, անկեղծ ասած, առաջին հայացքից այնքան էլ հասկանալի չէ, թե որքանով են համապատասխանում այդ երկրի Սահմանադրությանը: Ես անկեղծ ասած չեմ կարող դա ասել, սակայն առաջին տպավորությունն այն է, որ այնտեղ ամեն ինչ չէ, որ գնում է սահմանադրական տրամաբանությամբ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները