Ես ապրում եմ մի երկրում, որը մոտ է 37 թվին․ Վազգեն Մանուկյան

Մանուկյանի խոսքով, ինքը հիասթափվել է, քանի որ, ըստ նրա, տեղի ունեցող զարգացումները չէին կարող երկիրը տանել ցանկալի ուղղությամբ:
vazgen-manukyan

Հանրային խորհուրդը նիստ է գումարել ու քննարկել կառույցի շուրջ ստեղծված իրավիճակը: Խոսքը խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ վարչապետին ներկայացրած դիմումի մասին է, ինչպես նաեւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարության, թե Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է եւ ոչ մի օգուտ չի տվել: Վազգեն Մանուկյանը, անդրադառնալով իր գործունեությանը, նշել է, որ հեղափոխություններին կողմ չէ, բայց նախորդ տարի ստեղծվել էր նոր իրավիճակ, եւ հույս կար, որ պետությունը ինչ-որ ճանապարհով կգնա:

Որոշ ժամանակ անց, սակայն, Մանուկյանի խոսքով, ինքը հիասթափվել է, քանի որ, ըստ նրա, տեղի ունեցող զարգացումները չէին կարող երկիրը տանել ցանկալի ուղղությամբ:

«Ինձ համար ընդունելի չէր վեթինգի մասին, անցումային արդարադատության մասին քննարկումները, Մարտի մեկի դատավարությունը քաղաքականացնելը, եւ ես, անհանգստացած, հունիսին որոշեցի Նիկոլ Փաշինյանին հանդիպել եւ իմ կասկածները, խորհուրդները հաղորդել»,- նշել է Մանուկյանը

«Այդ ընթացքում 2 երկու անգամ զանգել եմ վարչապետին, սակայն վերջինս հետ չի զանգահարել: Դա աննախադեպ էր, քանի որ այդպիսի բան ո′չ իր հետ էր եղել, ո′չ Սերժ Սարգսյանի, ո′չ Ռոբերտ Քոչարյանի եւ ո′չ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Ինչից ես անհանգստանում էի ամռանը, նույն կերպ շարունակում եմ ներկայումս:

Որոշակի վախի մթնոլորտ կա շատ մարդկանց մոտ, որովհետեւ պարզ չէ, թե ում մոտ կարող են մտնել, ում կարող են ձերբակալել, եթե սկիզբը դրված էր կոռուպցիայի դեմ պայքար, հիմա ուրիշ ձեւ է գնում իշխանությունը: Ես տեսնում եմ, որ ես ապրում եմ մի երկրում, որը շատ ավելի մոտ է 37 թվին, քան Անկախության հռչակմանը: Այս վտանգը բոլորի շեմին է կախվել: Ես կարծում եմ, որ հասարակությունը պետք է դիմադրի եւ բացատրի իշխանություններին այդ քայլերի վտանգավորությունը Հայաստանի համար, մենք շատ ենք թուլանալու, հետ ենք գնում»,- իր մտահոգությունը հայտնեց Վազգեն Մանուկյանը:

 

*

*