Վարդան Ղուկասյանը միացել է Ծառուկյանին. «Աստված է կամեցել»

Գյումրու քաղաքապետի պաշտոնը թողնելուց 5 տարի անց՝ որոշել է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ:
vardan ghukasyan
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատգամավորության թեկնածու է առաջադրվելու Շիրակի մարզը ընդգրկող թիվ 11 ընտրատարածքից: Գյումրու քաղաքապետի պաշտոնը թողնելուց 5 տարի անց՝ որոշել է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ:
«Ումի՞ց եմ պակաս ես: Փառք Աստծու, չեմ սպառվել, հարգանքը վայելում եմ, ինչ մնում ա գործերին, ամբողջ քաղաքը գիտի, թե ինչ եմ արել: Խիղճ ունեմ, հավատք ունեմ»,- ասում է Վարդան Ղուկասյանը:  
2012-ի խորհրդարանական ընտրություններին Վարդան Ղուկասյանը «Հանրապետականի» համամասնական ցուցակի 73-րդ համարն էր, ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավարը: Նրա եւ ՀՀԿ-ի հարաբերությունները վատացան 2012-ի ընտրություններից հետո, երբ ՀՀԿ-ն Գյումրիում պարտվեց, իսկ հետո, որպես քաղաքապետի թեկնածու, կուսակցությունը պաշտպանեց ոչ թե Վարդան Ղուկասյանին, այլ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին:
«5 տարի առաջ՝ ՀՀԿ-ն հեռացավ ինձանից»,-ասում է Վարդան Ղուկասյանը,- հետդարձ չկա. 
 
«Արդեն ուշ ա: Ես նրանցից չեմ՝ մեկ էստեղ, մեկ էնդեղ: Ըտենց բաներ չունեմ: Հետո հեչ իմացե՞լ եք, որ մի կուսակցություն, որ համար առաջինն է, բոլոր կառույցները իրենց ձեռքին են, ու մարդ էնդեղից դուրս գա: Էն ժամանակ են դուրս գալիս, երբ որ կուսակցությունը փլվում է, փախնում են»,- նշում է Ղուկասյանը:
Խորհրդարանական ընտրություններին Վարդան Ղուկասյանը մասնակցելու է Գագիկ Ծառուկյանի հետ, բայց «Բարգավաճ Հայաստանին» չի անդամակցի:
«Հոգով կուսակցական չեմ»,-ասում է նախկին հանրապետականը: Միացել է հատկապես Ծառուկյանին, որովհետեւ նա, ըստ Վարդան Ղուկասյանի՝ ողորմած է, բարերար է, ու «Աստված է այդպես կամեցել»: Սպասվում է, որ ընտրություններին ընդառաջ՝ Գագիկ Ծառուկյանին է միանալու նաեւ օրերս ՀՀԿ-ից հեռացած Հովիկ Աբրահամյանը: Ղուկասյանը այս մասին չի խոսել ոչ Ծառուկյանի, ոչ Հովիկ Աբրահամյանի հետ. 
 
«5 տարի Հովիկ Աբրահամյանի հետ ոչ խոսել եմ, ոչ զրուցել եմ, անգամ հեռախոսով: Իրանք գիտեն՝ Ծառուկյան Գագիկ-Հովիկ Աբրահամյան. իմ վերաբերվելը ի՞նչ կապ ունի: Նրանք պետք է մտածեն՝ ինչ են անում»,- ասում է Գյումրու նախկին քաաքապետը:
Վարդան Ղուկասյանից ՀՀԿ-ն դիմում է ստացել 5 տարի առաջ՝ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին: Կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից տեղեկացանք, որ կուսակցությունից հեռանալու մասին դիմում Վարդան Ղուկասյանը դեռ չի գրել: Եվս մեկ դիմում գրելուն Վարդան Ղուկասյանը դեմ չէ. այսօր կամ վաղը, ասաց՝ կգրի:
 

Հեղինակ՝

Մարիամ Բարսեղյան

*

*