ՀՀ վարչապետն ու Ուզբեկստանի նախագահը կարեւորել են բարձր մակարդակում փոխայցելությունների անհրաժեշտությունը

«Սա Հայաստանի և Ուզբեկստանի ղեկավարների նման ձեւաչափով առաջին հանդիպումն է»․ Փաշինյան
pashinyan-uzbekstani-naxagah-mirziyoyev

Աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։

ՀՀ վարչապետի խոսքով՝ այն հանգամանքը, որ սա Հայաստանի և Ուզբեկստանի ղեկավարների նման ձեւաչափով առաջին հանդիպումն է՝ մեր երկրի անկախության օրվանից ի վեր, վկայում է հայ-ուզբեկական հարաբերություններին լիովին նոր թափ հաղորդելու երկկողմ քաղաքական կամքի և պատրաստակամության մասին։

Շավքաթ Միրզիյոևը, ողջունելով Նիկոլ Փաշինյանին, ընդգծել է՝ Ուզբեկստանը ևս կարևորում է մեր երկրի հետ կապերի զարգացումը, և նման հանդիպման առիթը պետք է օգտագործել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակելու, երկկողմ հարաբերություններում առկա ներուժը լիարժեք իրացնելու, համագործակցությանը նոր շունչ և որակ տալու նպատակով։ Այս համատեքստում Ուզբեկստանի նախագահն առաջարկել է քննարկել միջկառավարական հանձնաժողովի ձևավորման հնարավորությունը։

Զրուցակիցները կարևորել են բարձր մակարդակում փոխայցելությունների անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով առաջիկայում ձեռնարկել կոնկրետ քայլեր այդ ուղղությամբ։

*

*