Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները

Կարգախոսն է՝ «Ապրել միասին»
varchapet

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննակվել է Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովի նախապատրաստման և անցկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Վարչապետը կարևորել է գագաթաժողովի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը: «Այն իր ծավալով աննախադեպ միջոցառում է երրորդ հանրապետության պատմության մեջ: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այդ իրադարձությունը լինի պատմական ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Պատասխանատուները զեկուցել են, որ գագաթաժողովին կմասնակցեն շուրջ հինգ տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, նախատեսվում է նաև Ֆրանկոֆոնիայի գործընկեր կառույցների պատվիրակությունների մասնակցությունը։

Ակնկալվում է հարյուրից ավելի պատվիրակությունների ժամանում, ընդհանուր հյուրերի քանակը կազմելու է մինչև 5000 մարդ: Երկօրյա գագաթաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաև մշտական խորհրդի նիստը:

Միջոցառման շրջանակում կազմակերպվելու է տնտեսական գործարար ֆորում՝ ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներկայացվածությամբ: Ձևավորվելու է ֆրանկոֆոն ավան, տեղի է ունենալու գալա համերգ, պաշտոնական պատվիրակությունների պատվին տրվելու է պետական ընթրիք:

Հաստատվել են գագաթաժողովի լոգոն, կարգախոսը՝ «Ապրել միասին», մշակվելու է հատուկ վեբ-կայք:

 

*

*