Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա: Նա Փարիզում՝ Կոմիտասի հուշարձանի մոտ, հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղկեպսակ է դրել հուշարձանի մոտ:
Առաջիկա ժամին վարչապետը նաեւ ընթրելու է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Դա այցի օրակարգով պլանավորված ընթրիք է: Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով դիմել է ֆրանսահայերին՝ վաղը ոչ պաշտոնական հանդիպում իրականացնելու, հավաքվելու ու մի շարք հարցեր միասին քննարկելու կոչով:
Սեպտեմբերի 14-ին Ելիսեյան պալատում վարչապետին է հյուրընկալելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Սպասվում է նաեւ հանդիպում Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորոսյանի եւ ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի հետ: Վարչապետը նաեւ հարցազրույց է տալու «Լե Մոնդ» օրաթերթին: