Վարչապետն ընդունել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներին

«Կոնստանտին Օրբելյանի նշանակումն իրականացվել է օրենսդրության պահանջների խախտումով...»
varchapet (1)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մի խումբ աշխատակիցների, ովքեր բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության շենքի մոտ:

Վարչապետն ընդգծել է, որ կառավարության համար մշակույթը և մշակութային քաղաքականությունն առաջնահերթ նշանակություն ունեն, որովհետև այն քաղաքական փոփոխությունները, որոնք Հայաստանում տեղի են ունեցել, հնարավոր չէր իրականացնել առանց մշակութային խորքային փոփոխությունների:

«Այս առումով մշակութային փոփոխություն ասելով ես նկատի ունեմ նաև եթե ոչ առաջին հերթին, ապա առնվազն առաջիններից մեկը օրենքի և օրինականության նկատմամբ մեր վերաբերմունքը՝ որպես այդպիսին: Մեր այսօրվա քննարկումը նվիրված է իմ կողմից շատ հարգված գործիչ Կոնստանտին Օրբելյանի շուրջ ստեղծված իրավիճակին: Երբեմն լրատվությունից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Կոնստանտին Օրբելյանին հեռացրել են Օպերայից, մինչդեռ Կոնստանտին Օրբելյանն ազատվել է տնօրենի պաշտոնից, և ցանկանում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Կոնստանտին Օրբելյանը, համենայն դեպս մինչև այդ հրամանը, Օպերայում զբաղեցնում էր տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնները: Հիմա եկեք հասկանանք, թե ինչ խնդիրներ են ծագել սրա հետ կապված»,-դիմելով Օպերայի աշխատակիցներին՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն առաջարկել է փաստարկների վրա հիմնված խոսակցություն անցկացնել: «Եթե այդ փաստարկները ճիշտ են, ուրեմն որոշումն էլ է ճիշտ, եթե փաստարկները սխալ են, ուրեմն որոշումն էլ է սխալ: Հակառակ դեպքում մեզ պետք է շատ հստակ չափանիշ որդեգրել, թե ինչպես ենք գնահատում որևէ իրավիճակ:

Առաջինը՝ պարոն Օրբելյանին տնօրենի պաշտոնում նշանակվելու հետ կապված կարող եմ ասել հետևյալը. Արդարադատության նախարարության 2018 թվականի օգոստոսի 11-ի փաստաթղթով արձանագրվել է, որ Կոնստանտին Օրբելյանի նշանակումն իրականացվել է օրենսդրության պահանջների խախտումով: Ինչո՞ւ է այս հարցը քննարկվել, որովհետև քաղաքացու կամ քաղաքացիների կողմից դիմում է եղել այդ կապակցությամբ: Նկատի ունեմ, որ այս քննարկումը կառավարության կամ նախարարության նախաձեռնությամբ տեղի չի ունեցել: Իսկ օրենքը կառավարության և մշակույթի նախարարության վրա շատ հստակ դնում է պարտավորություն, ոչ թե հայեցողություն, որ գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե նա նշանակվել է օրենքի պահանջների խախտմամբ: Սա մեր օրենքի պահանջն է։

Հաջորդ կետը՝ ինձ ասվում է հետևյալը. 2017 թվականի ընթացքում պարոն Օրբելյանը 12 անգամ 110 օր գործուղվել է տարբեր երկրներ՝ Կանադա, Լիտվա, Ավստրալիա, 7 անգամ ՌԴ, հիմնականում Մոսկվա, 2 անգամ ԱՄՆ և Արաբական Միացյալ Էմիրություններ: 2017 թվականի ընթացքում 135 օր փաստացի բացակայել է աշխատանքից: 2018 թվականի ընթացքում 174 օր բացակայել է աշխատանքից, ևս 20 օր գտնվել է չվճարվող արձակուրդում: Այսինքն, ընդհանուր առմամբ 194 օր բացակայել է աշխատանքից: 2019 թվականի տվյալները նույնպես կան»,-մասնավորապես նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ամբողջությամբ՝ այստեղ:

 

*

*