Կարեն Կարապետյանը՝ փոխվարչապետ դառնալու մասին

«Ցանկանում եմ ծառայել ...»:
varchapet-karen-karapetyan

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ապարդյուն է համարում խոսակցություններն այն մասին, թե իր և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել 2018 թվականին իր փոխվարչապետ դառնալու շուրջ: Այս մասին վարչապետը հայտարարեց կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ես այս հարցին բազմիցս պատասխանել եմ: Այս պահի դրությամբ ապրիլի 9-ից հետո ՀՀԿ-ն կոալիցիոն գործընկերոջ հետ համատեղ առաջարկելու է վարչապետի իր թեկնածությունը: Նման քննարկումներ մենք չենք ունեցել, ուստի որևէ պայմանավորվածության մասին խոսելն ապարդյուն է»,- հայտարարեց վարչապետը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք ցանկանում է մնալ ՀՀ վարչապետի պաշտոնում՝ Կարապետյանն ասաց. «Ես հստակ հայտարարել եմ, որ պատրաստ եմ: Շարունակում եմ աշխատանքները հնարավորություններիս ներածին չափով: Ես ցանկանում եմ ծառայել մեր երկրին: Վստահ եմ, որ մենք հաստատ կարող ենք լավ երկիր ունենալ՝ տրամաբանական, զարգացող»:  Նա ընդգծեց, որ ՀՀԿ հետագա անելիքները հստակ ձևակերպված են: «Մենք նոր սահմանադրություն ենք ընդունել, նոր կարգավիճակի ենք անցնում, որտեղ հստակ ձևակերպված է, թե ինչպես դա կլինի»,- նշեց նա:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք համակարծիք է մի խումբ հանրապետական գործիչների այն պնդմանը, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է որպես ՀՀԿ նախագահ և Հայաստանի անվտանգության երաշխավոր՝ վարչապետն ասաց. «Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի վարկանիշին՝ որպես անվտանգության երաշխավոր, որպես մեծ փորձ ունեցող ղեկավար, պետք է ասեմ, որ ես այդ պնդումների հետ լիարժեք համաձայն եմ»:

*

*