Պետք է ապահովել նաեւ տնտեսական հեղափոխություն․ Փաշինյան

«Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում...
nikol-pasginyan-pariz-medef1 (1)

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա: Կառավարության ղեկավարն այցի երկրորդ օրը սկսել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) անդամների հետ հանդիպումով: Կազմակերպությունը միավորում է Ֆրանսիայի շուրջ 7200 ընկերությունների, որոնք գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում և օժանդակում վերջիններիս դուրս գալ արտասահմանյան շուկաներ:

Կազմակերպության խորհրդի նախագահ Ֆիլիպ Դելյորը, ողջունելով վարչապետին, համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի այցը կլինի արդյունավետ ու կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ընդլայնմանը: Ֆիլիպ Դելյորը նշել է, որ հաշվի առնելով երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերի առկայությունը` MEDEF-ը շահագրգռված է տնտեսական համագործակցության զարգացմամբ, ընդլայնմամբ, երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի խորացմամբ ու պատրաստ է այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ տանել:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն իր հերթին նշել է, որ Հայաստանը հարուստ է մարդկային կապիտալով և ֆրանսիական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրեց այդ փաստի վրա: Նրա խոսքով` Հայաստան ներդրումային ծրագրերով գնալու դեպքում այդ ներուժը կնպաստի հաջող գործունեության ապահովմանը:

Իր խոսքում վարչապետն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին և կառավարության տնտեսական գործունեության առաջնահերթություններին: «Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն, որը ոչ միայն քաղաքական, այլև արժեքների հեղափոխություն է: Կարևոր է ընդգծել, որ մեծ հաշվով այս հեղափոխությունն իմաստ չի ունենա, եթե մենք չկարողանանք հասնել Հայաստանում տնտեսական հեղափոխության: Այդ առումով հիմա իսկապես մեր հեղափոխության ամենակարևոր շրջափուլն է, և պետք է ապահովենք տնտեսական ճեղքում Հայաստանի Հանրապետության համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*